Բաժիններ՝

«Երեք սերունդ»: Մանկության երեք տարբերակ

Արարատյան Հայրապետական թեմի qahana.am կայքը սկսում է նոր շարք, որտեղ անդրադառնում ենք որևէ թեմայի տարիքային երեք խմբերի տեսանյունից։ Զրուցելով փոքրիկների, միջին տարիքի անձանց և տարեցների հետ նույն թեմայի շուրջ՝ կարելի է տեսնել հետաքրիր նմանություններ և տարբերություններ, որոնք կօգնեն տեսնել նույն երևույթը տարբեր տեսանկյուններից։ Պայմանականորեն «Առաջին սերունդ» կանվանանեք 60-ից բարձր անձանց, «Երկրորդ սերունդ»՝ 20-60 և «Երրորդ սերունդ»՝ մինչև 20 տարեկան անձինք։

«Երեք սերունդ» հոդվածների շարքի շրջանակում անդրադարձել ենք մանկության թեմային։

Մանկություն. բոլորի կողմից սիրված հեքիաթային աշխարհ, որը զերծ է տխրությունից։ Այն տալիս է սեր, որին կառչած՝ սկսում ես մեծանալ՝ փորձելով ավելացնել իմաստություն և հավատ կյանքի հանդեպ։

«Առաջին սերունդ». 82-ամյա Աննա տատիկ

-Ի՞նչ է մանկությունը:

-Պարզ երջանկություն։

-Մանկության գույները:

-Կարմիր, կանաչ։

-Ե՞րբ է ավարտվում մանկությունը:

-Մանկությունն ավարտվում է 15 տարեկանից հետո, երբ ավելի հավասարակշռված ես դառնում, երբ փոխվում է վերաբերմունքդ կյանքի նկատմամբ և սկսում ես ավելի լուրջ մտածել հետագա անելիքների մասին։

-Մանկության վախ:

–Փոքր տարիքում շատ վախկոտ էի, գիշերը մենակ տեղ չէի գնում։ Չնայած հիմա էլ կա մենակության վախ։

-Ի՞նչն էր տխրեցնում մանուկ ժամանակ։

-1941 թվականն էր։ Ես 6 տարեկան էի , երբ պատերազմը սկսվեց և տևեց հինգ տարի։ Սկզբում չէի հասկանում, թե ի՞նչ բան է պատերազմը, բայց ժամանակի ընթացքում տխրությունը մտավ բոլորի մեջ։

-Ի՞նչը կփոխեք մանկության տարիներից ։

-Ոչինչ։

-Մանկական առաջին սեր:

-Մանկական սեր որտեղի՞ց էն ժամանակ։ Իմ հայրն ու մայրն այնքան խիստ էին, որ ոչ սեր է եղել, ոչ բան։ Մենք նույնիսկ համարձակություն չենք ունեցել ուրիշի հետ խոսել, ամոթ էր, պիտի չխոսեր աղջիկը։ Իսկ որպես առաջին սեր եղել է ամուսինս, ում հանդեպ սերը ծնվել է տարիների ընթացքում։

-Ի՞նչ տվեց մանկությունը Ձեզ:

–Պատերազմ։ Վեց տարեկան էի, երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը։

-Ի՞նչ է իր հետ տանում մանկությունը։

-Իմ մանկությունը պատերազմի պատճառով վերցրեց ինձանից մանկական ուրախությունը, որը տարիների ընթացքում վերագտա իմ երեխաների, թոռների և ծոռների մեջ։

«Երկրորդ սերունդ». 37-ամյա Հասմիկ Բադալյան

-Ի՞նչ է մանկությունը։

-Անցած երազ։

-Մանկության գույները:

-Բոլոր վառ գույները։

-Մանկության հոտը։

-Պաղպաղակի սառույցի հոտը։ Բակում մի կին կար, պենոպլաստե պայուսակով պաղպաղակ էր վաճառում. այդ պայուսակի միջի սառույցի հոտը։

-Ե՞րբ է ավարտվում մանկությունը:

-Մանկությունը ավարտվում է, երբ ինքդ երեխա ես ունենում։ Երբ դառնում ես մայր։

-Մանկության վախ:

-Շատ էի վախենում մթությունից, հետո դա հաղթահարեցի Աստծո օգնությամբ։ Ասում էի, որ Աստված ինձ հետ է մթության մեջ, ինձ կօգնի։

-Ի՞նչն էր տխրեցնում մանուկ ժամանակ։

-Տխրում էի, երբ վատ գնահատական էի ստանում։

-Ի՞նչը կփոխեք մանկության տարիներից ։

-Ոչինչ չէի փոխի։ Ինչ լինում է՝ պատահական չի լինում, ամեն ինչ իր նշանակությունը ունի և պետք է լինի։

-Մանկական առաջին սեր:

-Մանկական սեր չի եղել։ Եղել է առաջին սեր 17 տարեկանոմ։

-Ի՞նչ է իր հետ տանում մանկությունը։

-Ոչինչ։ Հակառակը, տվեց ուրախ, անհոգ, երջանիկ օրեր։

«Երրորդ սերունդ»։ Էդուարդ Օհանյան (10 տարեկան)

-Ի՞նչ է մանկությունը:

-Ուրախություն։ Չի կարելի շատ շուտ մեծանալ։ Ինչքան մեծանում ես՝ այդքան տոները քչանում են։ Այսինքն, ինչքան մեծանում ես՝ այդքան սկսում ես չխաղալ։ Օրինակ, մեծերը զատիկին ձու չեն կռվացնում։

-Մանկության գույները:

-Կապույտ։

-Ե՞րբ է ավարտվում մանկությունը:

-Մանկությունը ավարտվում է, երբ դառնում ես 13 տարեկան։

-Մանկության վախ:

-Հենց վատ արարք եմ անում՝ վախենում եմ, որ մեծերը կիմանան։

-Ի՞նչն է տխրեցնում քեզ։

-Տխրում եմ, երբ դպրոցում դասեր շատ են տալիս։

-Ի՞նչը կփոխեք մանկության տարիներից։

-Բոլոր վատ օրերը, որոնք եղել են։ Մի անգամ հեծանիվից ընկա, ու ոտերս ցավում էին։ Մի անգամ էլ մանկապարտեզից դուրս գալիս մեքենա եկավ, ուզում էր խփել, բաց չխփեց։ էդ օրն էլ եմ ուզում փոխել։

-Մանկության հոտ:

-Քաղցր հոտ։

-Մանկական առաջին սեր:

-Վեց տարեկան էի, երբ դպրոցում սիրահարվեցի Նազելիին, հենց սեպտեմբերի 1-ին։ Հետո ինքը գնաց, բայց չգիտեմ՝ ուր։

-Ի՞նչ է իր հետ տանում մանկությունը։

-Տարիներ։ Հետո չար օրերը կվերցնի ու իրանց տեղը լավ օրեր կբերի ։
Նախշուն Այվազյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս