Մթնոլորտից ածխածնի ներծծման վիթխարի գործարան են գործարկել Շվեյցարիայում
Շվեյցարիայի Climeworks ընկերությունը գործարկել է աշխարհում առաջին առեւտրային գործարանը, որը Երկրի մթնոլորտից ներծծում է ածխածթթվական գազը: Այս մասին հայտնել է Science News-ը:
Գործարանը գտնվում է Ցյուրիխից ոչ հեռու: Ածխաթթվական գազի ներծծման համար կիրառվում է DAC (Direct air capture) տեխնոլոգիան՝ օդի ուղղակի կլանում եւ մաքրում: Այն ենթադրում է թելքասպունգային զտող նյութի օգտագործում, որը պարունակում է հատուկ քիմիական նյութեր: Այս ֆիլտրով անցնող օդը մաքրվում է ածխաթթվական գազից:
Համանման տեխնոլոգիաներ են օգտագործվում Միջազգային տիեզերակայանում եւ սուզանավերում: Սպասվում է, որ մեկ տարում գործարանը կհավաքի մինչեւ 900 տոննա գազ (մարդիկ տարեկան մթնոլորտ են արտանետում 40 միլիարդ տոննա ջերմոցային գազեր), ինչը համարժեք է մոտավորապես 200 ավտոմոբիլների արտանետումներին:
Միացությունն այնուհետեւ պլանավորվում է վաճառել գյուղատնտեսական արտադրողներին, մասնավորապես, բանջարեղենի աճեցման համար: