«ԱՄՆ-ը, դուրս գալով կլիմայի համաձայնագրից, կորցնում է պատմական հնարավորությունը». Եվրախորհրդարան
Եվրամիությունը հավատարիմ է մնում կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրին, մինչդեռ ԱՄՆ-ը կորցնում է պատմական հնարավորությունը՝ դուրս գալով դրանից: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:
«Կլիմայի փոփոխությունը ոչ թե եվրոպական, այլ գլոբալ խնդիր է: Համաձայնագիրն ուժի մեջ է մնում, իսկ ԱՄՆ-ը կորցնում է պատմական հնարավորությունը»,-ասել է նա: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար ԺանԿլոդ Յունկերը Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ ԵՄՉԺՀ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանն ընդգծել է Փարիզի համաձայնագրի կատարման կարեւորությունը: «Մենք չենք կարող հետ շրջել կլիմայի վերաբերյալ համաձայնագրի ընթացքը»,-հայտարարել է
նա:
Եվրոպացի վերլուծաբանները նշում են, որ եթե ԱՄՆ-ից հետո Փարիզի համաձայնագրի կատարումից հրաժարվի նաեւ Չինաստանը, ապա այն, փաստորեն, կիմաստազրկվի: Փարիզի համաձայնագիրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած խորհրդաժողովի արդյունքներով: Համաժողովի 195 մասնակիցներ համաձայնության են եկել թույլ չտալու մինչեւ 2100 թվականը
մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացում Ցելսիուսի 2 աստիճանից ավելի:
Գիտնականները կարծում են, որ ջերմաստիճանի ավելի զգալի բարձրացումը, որի պատճառը հանածո վառելիքի այրման հետեւանքով մթնոլորտ ածխաթթվական գազի արտանետումներն են, կարող է անդառնալի հետեւանքների հանգեցնել մոլորակի բնապահպանության համար:
2016 թվականի ապրիլի 22-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած գագաթնաժողովում 175 պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, Գերմանիան, Հնդկաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն, ստորագրել են այդ համաձայնագիրը: Պայմանագրի համաձայն՝ ԱՄՆ-ը պարտավորվել է մինչեւ 2025 թվականը արտանետումների մակարդակը 10ամյա վաղեմության ցուցանիշների համեմատությամբ կրճատել 26-28 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: