Բաժիններ՝

«Այսօր առանձնահատուկ օր է ինձ համար». Ռիչարդ Միլս

Այսօր՝ հունիսի 2-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Խաղաղության կորպուսի նոր խմբի 42 կամավորների երդման հանդիսավոր արարողությունը։ Կամավորները կաշխատեն՝ որպես անգլերեն լեզվի ուսուցիչներ և Համայնքի և երիտասարդության ծրագրի կամավորներ։

Նրանք արդեն ավարտել են 11 շաբաթ տևողությամբ ինտենսիվ դասընթացը, որի ընթացքում սովորել են հայերեն, ծանոթացել հայ ժողովրդի մշակույթին և պատրաստվել Հայաստանում իրենց ծառայությանը։ Երդման հանդիսավոր արարողությունն անցկացրեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը։ Հավելենք, որ այսօր նշվում էր նաև Հայաստանում Խաղաղության կորպուսի գործունեության 25-րդ տարեդարձը։

Լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասաց. «Այսօր առանձնահատուկ օր է ինձ համար, դեսպանության և Խաղաղության կորպուսի համար, կարծում եմ՝ նաև հայ ժողովրդի համար։ Այսօր մեր նոր 42 կամավորները կսկսեն իրենց  ծառայությունը Հայաստանի խաղաղության կորպուսում 2 տարի ժամկետով, նշում ենք նաև Խաղաղության կորպուսի գործունեության 25-ամյակը Հայաստանում, բացի այդ, այսօր երդվելու է նաև Միացյալ Նահանգներից ժամանած Խաղաղության կորպուսի 1000-րդ կամավորը, ով աշխատելու և ծառայելու է Հայաստանում։

Հայաստան  են ժամանում կամավորներ տարբեր տարիքային խմբերի, որոնք Հայաստանում գտնվելով՝ ծանոթանում են Հայաստանի կյանքին, մշակույթին, առանձահատկություններին և վերադառնալով ԱՄՆ՝ ներկայացնում են այդ ամենը, և ԱՄՆ-ում ձևավորվում է այն շրջանակը, որը հանդես է գալիս ԱՄՆ-Հայաստան հարաբերություններրի ամրապնդման դիրքերից։ Սա միտված է երկու երկրների միջև կամուրջներ ձևավորելուն»։

Միջոցառմանը ներկա էր նաև Խաղաղության կորպուսի  վաշինգտոնյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շիլա Քրաուլին։ «Անչափ ուրախ եմ այսօր գտնվել Հայաստանում։ Մեր կամավորներն աշխատում են անգլերենի ուսուցման, երիտասարդական ծրագրերի զարգացման շրջանակում և ծանոթանում են տեղի մշակույթին, կյանքին։ Շատ լավ  է, որ մենք կարողանում ենք մեր ներդրումն ունենալ հայ ժողովրդի զարգացման հարցում և կապեր ձևավորել ժողովուրդների միջև»,- ասաց նա։

Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն պրն Չարլզ Էնսիսոն լրագրողների հետ զրույցում խոսելով կամավորության նպատակների մասին՝ ասաց. «Կամավորության հիմնական նպատակն է՝  օգնել այն մարդկանց, ում չես էլ ճանաչում։ Մեր կամավորները սովոր են դրան, որովհետև ԱՄՆ-ում դեռ մանկուց տարբեր տեսակի կամավորական աշխատանքներ են արել։ Հիանալի է, որ շատ հայ երիտասարդներ նույնպես ցանկանում են դառնալ Խաղաղության կորպուսի կամավորներ»։

Հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվում այն ընտանիքները, որտեղ պետք է ապրեն ԱՄՆ-ից ժամանած կամավորները, նա պատասխանեց. «Ընտանիքները դիմում են, ոմանց ընտրում ենք, ոմանց՝ ոչ, բայց հիմնական պայմանն է, որ ընտանիքը լինի ջերմ, օգնի կամավորին, որպեսզի նա ինտեգրվի նոր միջավայրում։ Երբ ծրագրի ավարտին մեր կամավորներին հարցնում ենք՝ ի՞նչը կկարոտեք Հայաստանում, իրենք ասում են՝ հայ ընտանիքը»։

Խաղաղության կորպուսի Հայաստանյան գրասենյակի տնօրենը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարության ներկայացուցիչներին՝ ամուր գործընկերության աջակցության և համագործակցության համար։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ով իր խոսքում ասաց, որ Հայաստանի կառավարությանը բարձր է գնահատում Խաղաղության կորպուսի Հայաստանյան գրասենյակի կողմից Հայաստանի բազմաթիվ համայնքներում իրականացվող երիտասարդական և համայնքային զարգացման, անգլերենի ուսուցման ծրագրերի իրականացումը։

Խաղաղության կորպուսի կամավորներից Սիթինա Սուին, ով Նյու Յորքից էր, և ինչպես ինքն ասաց՝ չինացի-ամերիկացի է, վերջին երկու-երեք ամիսներին ապրել է Նոր Կյանքում, Մարտիրոսյանների ընտանիքում, իսկ Ալեքս Վելնան, ով Վաշինգտոնից է, ապրել էր Բաղդասարյանների ընտանիքում։ Նրանք ասացին, որ այստեղ ապրելու համար իրենց պետք էր սովորել հայերեն, որը դժվար էր, բայց զվարճալի։ Հայերեն սովորել են տարբեր տեսակի խաղերով և երեկոյան հնդկական սերիալներ նայելով։ Ալեքս Վելնայի համար հայերենը շատ գեղեցիկ լեզու է։

Իսկ Սիթինա Սուին ասաց, որ իրեն ընտանիքի լիարժեք անդամ է զգացել և հասկացել է, որ մեկ ընտանիք են, երբ բոլորով նստել են մեկ սեղանի շուրջ և հաց կիսել։ Նա պատմեց, որ արդեն գիտի պատրաստել դոլմա և արդեն իրեն զգում է հայ աղջիկ, իսկ Ալեքս Վելնան էլ ասաց, որ կամաց-կամաց նմանվում է իր հայ եղբորը։ Երկուսն էլ պատմեցին, որ հայ ընտանիքներն իրենց մեծ սիրով են ընդունել։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև երգի և տեսահոլովակի պրեմիերա, որը նվիրված էր Հայաստանում աշխատող Խաղաղության կորպուսի կամավորներին։ Երգը կոչվում է «Մեկ աշխարհ», կատարում է Նիկ Էգիբյանը, խոսքերի համահեղինակներն են Նիկ Էգիբյանը և Գրիգոր Կյոկչյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արտյոմ Աբովյանը։

Կամավորների երդման արարողությունից և վկայականների հանձնումից հետո  հայտարարվեց 1000-րդ կամավորի անունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս