Բաժիններ՝

Թուրքիայի հայ պատգամավորներն արձագանքում են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի մեկնարկին

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորներ Գարո Փայլանը (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) և Սելինա Դողանը (Հանրապետական ժողովրդական կուսակցություն) հունիսի 1­-ին Գումգափուի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մասնակցել են պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի պատվին մատուցված Հրաշափառի արարողությանը: Այս մասին հայ պատգամավորները գրառում են կատարել ֆեյսբուքյան իրենց էջերում:

«Տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն գործի է անցել: Մաղթում եմ, որ այս նոր ժամանակաշրջանը բարի լինի հայ համայնքի համար»,­-նշել է Փայլանը: Դողանը ևս արձանագրել է, որ մարտի 15-­ին Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական ժողովի կողմից տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կազմակերպված արարողությամբ ստանձնեց իր պարտականությունները:

«Գերմանիայի Քյոլն քաղաքից եկած Բեքչյանը կղեկավարի Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը: Մաղթում եմ, որ այդ գործընթացը մեր երկրին ու համայնքին խաղաղություն և հաշտեցում բերի»,­-նշել է նա:

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Բեքչյանը մարտի 15­-ին Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդում ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում: Նրա ընտրվելուց հետո, սակայն, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարվել էր թողնել պատրիարքական փոխանորդի պաշտոնը, ինչի հետևանքով պատրիարքարանում միառժամանակ լարվածություն էր սկսվել:

Աթեշյանը միայն մայիսի 24-­ին հայտարարեց հրաժարական տալու մասին՝ պաշտոնապես Բեքչյանին հրավիրելով Ստամբուլ: Վերջինս ավելի վաղ մեկնել էր Գերմանիա և հայտարարել, որ պատրիարքական ընտրության հետ կապված որևէ հստակ զարգացման բացակայության պարագայում չի վերադառնա Ստամբուլ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս