Քաբուլում հազարից ավելի ցուցարարներ պահանջում են նախագահի հրաժարականը
Աֆղանստանի մայրաքաղաքում հազարից ավելի մարդ է դուրս եկել ցույցի՝ պահանջելով երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հրաժարականը, որը, նրանց կարծիքով, չկարողացավ կանխել ահաբեկչական գործողությունը, որը տեղի ունեցավ մայիսի 31-ին եւ տասնյակ կյանքեր խլել: Այդ մասին հայտնել է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ ակցիայի մասնակիցները հավաքվել են ահաբեկչական գործողության վայրում: Մի քանի ցուցարարներ փորձել են ճեղքել ոստիկանների արգելաշղթան, դրան ի պատասխան ոստիկանության աշխատակիցները կրակ են բացել օդ: Տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:
Քաբուլում ահաբեկչությունը կատարվել է մայիսի 31-ի առավոտյան: Ականապատված ավտոցիստեռնը պայթեցվել է մայրաքաղաքի դիվանագիտական թաղամաս մուտքի հսկիչ անցակետի մոտ: Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տուժել են շուրջ 600-ը:
Պայթյունի ալիքից վնասվել է ավելի քան 50 ավտոմեքենա, ամբողջովին կամ մասնակիորեն ավերվել են մերձակա շինությունները, վնաս է հասցվել մի շարք պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը։