Պատրիարքական տեղապահ Բեքչյանը Ստամբուլում է. նրա պատվին Գումգափուի եկեղեցում Հրաշափառի արարողություն է տեղի ունեցել
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 1-ին ժամանել է Ստամբուլ: Ստամբուլի հայկական «Լույս» պարբերականը հայտնում է, որ Բեքչյանի պատվին Գումգափուի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Հրաշափառի արարողություն է տեղի ունեցել:
Բեքչյանը եկեղեցական արարողության ժամանակ ելույթ է ունեցել՝ ասելով, որ պատրիարքական ընտրության գործընթացը կղեկավարի բարեկամության ու եղբայրության շրջանակում:
Արարողությանը ներկա է եղել պատրիարքական փոխանորդի պաշտոնից հրաժարված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով նշել է, թե փորձել է առավելագույնս վերահսկել իրադրությունը:
Բոլոր ներկաները միասին աղոթել են պատրիարքական ընտրությունների անցկացման համար: Տեղապահ Բեքչյանը բոլորին շնորհակալություն է հայտնել այս գործընթացում իր հանդեպ ցուցաբերված հետաքրքրության համար:
Ի թիվս այլ հոգևորականների՝ արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը: