Բաժիններ՝

Կանխատեսվել են վիրաբույժի և գրողի մասնագիտությունների անհետացման ժամկետները

Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) Մարդկության ապագայի ինստիտուտի եւ Ելի ինստիտուտի (ԱՄՆ) քաղաքական գիտությունների բաժանմունքի գիտնականները գնահատել են այն ժամկետները, երբ արհեստական ինտելեկտը կգերազանցի մարդկային բանականության հնարավորությունները: Համապատասխան ուսումնասիրությունը հասանելի է arXiv.org էլեկտրոնային պրեպրինտների գրադարանում, դրա մասին համառոտ հայտնել է New Scientist­-ը։

Մասնագետներն այն կարծիքին են, որ արհեստական ինտելեկտը մինչեւ 2024 թվականը մարդու հնարավորությունները կգերազանցի լեզուների թարգմանության, մինչեւ 2026 թվականը՝ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո էսսեներ գրելու մեջ, մինչեւ 2027 թվականն ամբողջությամբ կփոխարինի բեռնատարների վարորդներին:

Տարբեր խանութներում վաճառողների մասնագիտությունը կանհետանա մինչեւ 2031 թվականը, գրողները, որոնք մասնագիտանում են արձակի բնագավառում՝ մինչեւ 2049 թվականը: Վիրաբույժներ հարկավոր չեն լինի 2053 թվականին:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ արհեստական ինտելեկտը 50 տոկոս հավանականությամբ մարդուն կփոխարինի 45 տարի հետո, իսկ 120 տարի անց բոլոր հնարավոր աշխատատեղերում կգործի բացառապես համակարգիչը: Գիտնականների ուսումնասիրությունը հիմնված է արհեստական ինտելեկտի բնագավառում 352 համաշխարհային փորձագետների գլոբալ հարցման վրա:

Աշխատության հեղինակները նշում են, որ ասիացի գիտնականներն ավելի լավատեսական կանխատեսումներ են անում համակարգչով մարդու փոխարինման հարցում (միջին հաշվով՝ 30 տարի անց), քան Հյուսիսային Ամերիկայի գիտնականները (մոտավորապես 74 տարի հետո):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս