Վրաստանում ընդդիմությունը ՆԳ նախարարի պաշտոնաթողությունն է պահանջում ադրբեջանցի լրագրողի անհետանալու պատճառով
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պահանջում են հանրապետության ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլիի եւ իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ պաշտոնյաների հրաժարականը ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի անհետացման հետ կապված իրադրության պատճառով։
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Մուխթարլին կորել է մայիսի 29-ին: Նա վերջին մի քանի տարիներին Թբիլիսիում թաքնվում էր Ադրբեջանում քրեական հետապնդումից: Լրագրողի կինը՝ Լեյլա Մուստաֆաեւան, հայտարարել է, որ «իր ամուսինը Բաքվում է հայտնվել տարօրինակ հանգամանքներում, քանի որ նա իր հետ անձնագիր չի ունեցել»:
Նա, ինչպես եւ Վրաստանի ընդդիմության եւ ոչ կառավարական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ կարծում են, որ ադրբեջանցի լրագրողին կարող էին
առեւանգել վրացական հատուկ ծառայությունները: Մինչդեռ Վրաստանի իշխանությունները մերժում են մեղադրանքները:
«Ինչպես էլ որ Վրաստանի ղեկավարությունն արդարանա, անկարելի է նման հատուկ գործողություն իրականացնել առանց ղեկավարության իմացության եւ համաձայնության: Վրաստանի կառավարության գործողությունները ոտնձգություն են երկրի ինքնիշխանության դեմ:
Գործը հարկավոր է շտապ հետաքննել, իսկ մինչ այդ ուժային կառույցների ղեկավարները պետք է պաշտոնաթող լինեն», լրագրողներին հայտարարել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն: «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից ընդդիմադիր Իրակլի Աբեսաձեն գտնում է, որ ադրբեջանցի լրագրողի կողմից սահմանի ինքնակամ հատումը անիրատեսական է եւ «հորինված հեքիաթ»:
«Ոչ ոք չի հավատում, որ մարդը, որին իր երկրում ձերբակալում է սպասվում, ինքնակամ անցնի սահմանը: Ուստի ՆԳ նախարարի հայտարարությունները խելամիտ չեն»,-ասել է Աբեսաձեն:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հունիսի 1ին կառավարության նիստում նշել է, որ ընդդիմության հայտարարությունները վարկաբեկում են վրացական հատուկ ծառայություններին եւ մնացած իրավապահ մարմիններին: Խորհրդարանական մեծամասնությունից պատգամավոր Էկա Բեսելիան ապարդյունէ համարում ներքին գործերի նախարարի կամ իրավապահ կառույցների այլ բարձրաստիճան պաշտոնյանների հրաժարականին հասնելու ընդդիմության ցանկությունները:
Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է սպասել հետաքննությանը, ինչից հետո կարելի է համապատասխան գնահատական տալ»: Իր հերթին Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մղեբրիշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչները մեղսակից չեն ադրբեջանցի լրագրողի Աֆղան Մուխթարլիի առեւանգմանը:
«Ես ամենայնպատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վրաստանի իրավապահ գերատեսչությունները կապ չունեն լրագրողի առեւանգման հետ»,-ասել է նա: