Բաժիններ՝

Միլիոն դոլարի հարց՝ ըստ Վարդան Արամյանի

«Դուք հարց եք տալիս միլիոն դոլարի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ի պատասխան հարցի, թե երկրում աղքատության ներկայիս վիճակը արդյոք չի՞ խախտում երեխաների իրավունքները։

Ըստ նրա՝ ցանկացած աղքատության ցուցանիշ և ցածր կենսամակարդակ խնդրահարույց է երեխաների ապագայի համար։ Վ. Արամյանի խոսքով՝ դրա համար է կառավարությունը ջանքեր գործադրում, որ երեխաների ապագան լինի շատ ավելի լավը, շատ ավելի բարեկեցիկ.

«Եթե որևէ ընտանիքում կյանքի կենսամակարդակը չի բավարարում, որ երեխան լավ կրթություն ստանա, այսօր մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որ փորձում ենք սոցիալապես անապահովներին օգնել, բայց շատ ավելի լավ կլինի, որ այդ անապահով ընտանիքների քանակը գնալով կրճատվի, և նրանք կարողանան իրենց երեխաներին լավ կրթություն տալ»։

Վ. Արամյանը նշեց, որ դա չափվում է միավոր շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով, որն այսօր մեր երկրում 3600 դոլար է, որը համաշխարհային մակարդակով ցածր ցուցանիշ է.

«Թե ինչո՞ւ է այդպես, որովհետև մեր տնտեսության համընդհանուր արտադրողականությունը շատ ավելի ցածր է։ Կառավարության ծրագրում, որ շուտով կներկայացվի, դուք կտեսնեք, որ կարմիր թելով գնում է, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ունենանք ներառական կայուն տնտեսական աճ և պարտք չվերցնենք ընթացիկ ծախսերը փակելու համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս