«Այստեղ վտանգ կա». Կարեն Կարապետյան
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը մտահոգություն հայտնեց մի շարք հավատարմագրված պարենային և ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների հետ կապված, քանի որ դրանց նախնական մոնիտորինգի արդյունքում հայտնաբերվել են հավատարմագրված ոլորտներից դուրս, ոչ ամբողջական և օրենսդրությանը հակասող փորձարկումներ իրականացնելու դեպքեր, որոնք հանդիսանում են լաբորատորիաների գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու հիմք:
Ըստ նրա՝ այդ դեպքերը բարձրացնում են Հայաստանի շուկայում իրացվող պարենային և ոչ պարենային արտադրանքի վտանգավորության ռիսկը, ինչպես նաև բացասաբար են ազդում տեղական արտադրանքի վարկանիշի վրա։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին Կ.Կարապետյանը հանձնարարեց 1-ամսյա ժամկետում փորձարկման լաբորատորիաների մասնակցությամբ կազմակերպել ոլորտի իրավական ակտերի միատեսակ կիրառման վերաբերյալ քննարկումներ, լուծում տալ դրանց ժամանակ բարձրաձայնված խնդիրներին, մշակել և կառավարություն ներկայացնել իրավական ակտերի նախագծեր:
Վարչապետը նաև հանձնարարեց այդ քննարկումներից հետո 1-ամսյա ժամկետում իրականացնել արտահերթ գնահատումներ հավատարմագրված բոլոր լաբորատորիաներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հավատարմագրման ոլորտից դուրս, ոչ լիարժեք և օրենսդրությանը հակասող փորձարկումներ իրականացնելու փաստերի վրա և ներկայացնել իրականացված գնահատումների արդյունքները։
«Պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի մեր չինովնիկն իրեն չափազանց կարևոր չզգա: Մենք լաբորատորիաների ոլորտն ազատականացրել ենք, որպեսզի բիզնես իրականացնող մարդկանց հնարավորություն տանք ընտրություն կատարել: Մյուս կողմից՝ մենք այդ լաբորատորիաների հավաստիության վրա պետք է վստահ լինենք, որ որևէ այլ երկրում մեր վարկանիշը չեն գցի: Այստեղ վտանգ կա, հատուկ ձեր հսկողության տակ վերցրեք հարցը, որպեսզի այդ լաբորատորիաներում համապատասխան կոռուպցիոն ռիսկերը նվազեցնենք»,- ասաց Կ.Կարապետյանը։