ԱՄՆ-ում ստեղծվել է աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ նախատեսված տիեզերք հրթիռների արձակման համար
Stratolaunch ինքնաթիռը՝ թեւերի՝ աշխարհում ամենամեծ՝ 117 մետր բացվածքով, մայիսի 31-ին առաջին անգամ դուրս է բերվել Մոհավեի անապատի (Կալիֆոռնիայի նահանգ) օդանավարանից։
Orbital OTK կորպորացիայի ստեղծած մեքենան նախատեսված է 9100 մետր բարձրությունից տիեզերական հրթիռների արձակման համար: Այն հանդերձված է վեց Pratt&Whitney PW4056 շարժիչներով եւ իրենից ներկայացնումէ երկու ֆյուզելաժ՝ յուրաքանչյուրը 72 մետր երկարությամբ, որոնք միացված են ընդհանուր թեւով: Բուն ինքնաթիռի զանգվածը 250 տոննա է, իսկ լրիվ բեռնվածությամբ՝ 590 տոննա:
«Մենք ուրախ ենք հայտնելու, որ Stratolaunch ինքնաթիռի ստեղծման աշխատանքում կարեւոր ուղենիշ է հաղթահարվել երկրաշուրջ ցածր ուղեծիր բեռներ հասցնելու հարմար, հուսալի եւ մշտական միջոցի ստեղծման ճանապարհին»,-Space.com ինտերնետպորտալի տարածած հայտարարության մեջ հայտնել է Stratolaunch Systems Corp ընկերության գլխավոր կառավարիչ Ջին Ֆլոյդը:
Այսպիսով, ավարտված է ինքնաթիռի ստեղծման առաջին փուլը, եւ սկսվում է ցամաքային եւ թռիչքային փորձարկումների փուլը»: Ֆլոյդի խոսքով՝ Stratolaunchն ստեղծված է որպես օդային հարթակ Pegasus XL տանող հրթիռների արձակման համար: Առաջին փուլում այն կկրի մեկ տանող հրթիռ, իսկ հետագայում՝ մինչեւ երեք հրթիռ:
Stratolaunch ընկերությունն ստեղծվել է 2011 թվականին ամերիկացի միլիարդատեր Փոլ Ալենի կողմից, որը Microsoft կորպորացիայի հիմնադիրներից մեկն է: Նրա կարողությունը հասնում Է 18,6 միլիարդ դոլարի, եւ նա 40-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի
ամենահարուստ մարդկանց ցուցակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը։