«Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում». Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում ասված է. «Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Թող այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երգ ու խնդությամբ, ամենաթաքուն երազանքների ու հրաշքների իրականացմամբ:
Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում, որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ՝ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ, ստանաք որակյալ ու ժամանակակից կրթություն: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ՝ թանկագին փոքրիկներ, ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին այս հրաշալի տոնի կապակցությամբ և մաղթում բոլորիդ քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»։