Հայ-իրանական համագործակցությունն առողջապահության բնագավառում թևակոխում է նոր փուլ
«Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել նաև Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ առողջապահության նախարարությունում հանդիպման ժամանակ երկու երկրի նախարարները հանգամանալից քննարկեցին հետագա համագործակցության ուղղությունները։
«Վերջին երկու տարում բավական աշխուժացել է Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցությունն առողջապահության ոլորտում»,-ասաց Հասան Հաշեմին։
Նախարարները երկուստեք հաստատեցին, որ երկու երկրի համագործակցության զարգացման ուղղությամբ պետությունների ղեկավարների հաստատակամությունն առողջապահության ոլորտում ևս գործնական քայլեր իրականացնելու լավ հիմք է։
Արմեն Մուրադյանը և Հասան Հաշեմին անդրադարձան հատկապես բուժական և դեղագործական ոլորտում համագործակցության հեռանկարներին։ Փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերվեց ԻԻՀ-ում միջազգային չափորոշիչներով արտադրվող դեղերը մեկ ամսվա ընթացքում գրանցել Հայաստանում։ Քննարկվեցին նաև դեղերի ներմուծման և արտահանման խթանմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև գիտության և կրթության ոլորտներում համագործակցության շրջանակները։
Արմեն Մուրադյանը նշեց, որ վերջերս Մեղրիում բացված արդիական սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնը պատրաստ է ժամանակակից, բարձրակարգ բժշկական սպասարկում մատուցելու նաև Իրանի հյուսիսային շրջանների բնակչությանը։
Հասան Հաշեմին բարձր գնահատեց հայկական կողմի պատրաստակամությունը բազմակողմանի համագործակցության համար։
Այնուհետև ստորագրվեց առողջապահության բնագավառում գործողությունների ծրագիր:
Նախարարները պատասխանեցին նաև լրագրողների հարցերին: «Մենք ունենք համագործակցության հետագա ընդլայնման հստակ պայմանավորվածություններ՝ հաշվի առնելով, որ բուժական և դեղագործական բնագավառում նոր հեռանկարներ են բացվում»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի առողջապահության փոխնախարարների գլխավորությամբ դեռևս 2015թ. դեկտեմբերին ձևավորված աշխատանքային խմբերն արդեն ունեն համատեղ գործունեության անցած ճանապարհ և համագործակցության մատնանշած ուղղություններ:
Անդրադառնալով հայ-իրանական համատեղ բժշկական հաստատություն հիմնելու նախաձեռնությանը, Արմեն Մուրադյանն ասաց, որ Իրանի առաջարկը երկկողմ հետաքրքրություն է ներկայացնում և դրա տեղայնացումն, ինչպես նաև այլ մանրամասներ այժմ քննարկման փուլում են:
«Երկու երկրի հարաբերությունները զարգացնելու և էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու մեծ ցանկություն ունենք: Բուժական և դեղագործական ոլորտները մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Առհասարակ, առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման բազմաթիվ հնարավորություններ կան»,- ասաց Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմին: Նա խոսեց նաև իրենց երկրում հանրային առողջապահական ծրագրերի մասին, մասնավորապես նշելով, որ Իրանում հաջողությամբ իրականացվում է միկրոտարրերով՝ վիտամին Դ-ով և ֆոլաթթվով ցորենի ալյուրի 100 տոկոսով հարստացման ծրագիր: Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարն անդրադարձավ նաև իմունականխարգելման ծրագրերին, նշեց պատվաստումների կարևորության մասին: