«Պեպսի-կոլան»` ընդդեմ «Կոկա-Կոլայի». ՏՄՊՊՀ-ն 50 մլն դրամ տուգանք սահմանեց
Այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվեց «Կոկա-Կոլա» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Գերիշխող դիրքի չարաշահման համար ընկերության հանդեպ կիրառվեց 50 մլն դրամ տուգանք:
Վարչական վարույթը հարուցվել էր «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա: Ընկերությունը հանձնաժողովին տեղեկացրել էր, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի սննդի սպասարկման տարածքում գործունեություն իրականացնող 11 տնտեսվարողները հրաժարվում են ձեռք բերել և իրենց հաճախորդներին վաճառել «Պեպսի-կոլա» ըմպելիքը, մինչդեռ այդ բոլոր օբյեկտներում լայնորեն ներկայացված են «Կոկա-Կոլա» ընկերության ըմպելիքները: Ընկերության արտադրանքի իրացման նպատակով բոլոր բանակցություններն անարձագանք են մնացել:
Վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը պահանջել է, որպեսզի վերոնշյալ տնտեսվարողները ներկայացնեն «Պեպսի-կոլայի» իրացումից հրաժարվելու պատճառներն ու հիմնավորումները: ՏՄՊՊՀ-ի դիտարկմամբ՝ ներկայացված հիմնավորումները, մեղմ ասած, արժանահավատ չեն:
Ըստ դրանց, իբրև թե տարածքը սահմանափակ է, և չեն կարող այլ ապրանք ևս իրացնել, և, բացի այդ, նշել են, որ սպառողների շրջանում առավել պահանջարկ ունի «Կոկա-կոլան»: Հանձնաժողովը համարում է, որ վերոնշյալ պատճառաբանություններն անհիմն են: Ուսումնասիրությունները փաստում են, որ տարածքի սահմանափակվածության հանգամանքը չի կարող դիտարկվել՝ որպես հիմնավոր պատճառ, քանի որ այդ օբյեկտներում ներկայացված են և իրացվում են շատ ավելի փոքր պահանջարկ ունեցող և շատ ավելի քիչ եկամուտ ապահովող տարատեսակ այլ ըմպելիքներ: Ի դեպ, 11 տնտեսվարողներից 4-ը նախկինում իրացրել են «Պեպսի-կոլայի» ըմպելիքները, հետո, սակայն, առանց որևէ պատճառաբանության՝ հրաժարվել են դրանցից: Մինչդեռ բոլորի մոտ, առանց բացառության, մինչ այսօր լայնորեն գովազդվում և ներկայացվում է «Կոկա-կոլա» ընկերության արտադրանքը:
Վարչական վարույթի ընթացքում հանձնաժողովն ընդլայնել է ուսումնասիրության շրջանակները՝ դուրս գալով «Դալմա Գարդեն Մոլի» տարածքից և ընդգրկելով տասնյակ այլ օբյեկտներ՝ պարզելու, թե որքանո՞վ է վերոնշյալ խնդիրը կրում համընդհանուր բնույթ: Պարզվել է, որ զեղչերի, ակցիաների կամ այլ շահավետ պայմանների միջոցով «Կոկա-Կոլան» պարտադրում է, որ տասնյակ օբյեկտներ իրացնեն միայն իր արտադրանքը:
Օրինակ, ընկերության ֆիրմային սառնարաններն անհատույց տրամադրվում են տնտեսվարողներին, ինչը տնտեսապես շահավետ է վերջիններիս համար, քանի որ սառնարանի ձեռքբերման և վարձակալության համար լրացուցիչ ծախսեր չեն կատարում:
Ընկերությունն արգելում է, որպեսզի իր սառնարաններում, թեկուզև շատ փոքր քանակով, ներկայացված լինեն այլ ըմպելիքներ, հակառակ դեպքում զգուշացնում է, որ իրավասու է կիրառելու որոշակի խիստ միջոցներ: Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են նաև, որ «Կոկա-Կոլան» տասնյակ տնտեսվարողների մարքետինգային ծախսերի անվան տակ խոշոր չափերի հասնող գումարներ է փոխանցել, իբրև թե իր վահանակները, ցուցանակները և այլ պարագաներ ցուցադրելու համար: Արժանահավատ չէ նաև այդ հանգամանքը:
ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ տասնյակ դեպքերում տնտեսվարողներն ընկերության տարբերանշանով պարագաները ցուցադրում են անվճար: Ստացվում է, որ «Կոկա-Կոլա» ընկերության մարքետինգային գործունեությունը կրում է ձևական բնույթ:
«Կոկա-Կոլա» ընկերությունը խիստ տարբերակված մոտեցում է ցուցաբերել նաև զեղչային քաղաքականության, ինչպես նաև՝ ապրանքի դիմաց վճարման ստացման հարցում՝ տարբեր տնտեսվարողների հանդեպ կիրառելով տարբեր մոտեցումներ, ինչը, որպես գերիշխող տնտեսվարող, իրավասու չէր անելու: Այսպիսով, ընկերության խիստ սուբյեկտիվ և խտրական մոտեցման արդյունքում տնտեսվարողներն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են եղել համագործակցել և իրացնել ընկերության ապրանքները՝ հրաժարվելով մրցակիցների ըմպելիքներն իրացնելուց:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ նման վարքագծի պատճառով «Կոկա-Կոլայի» և մրցակից ընկերությունների միջև ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ, ինչն անթույլատրելի է:
Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև «Կոկա-Կոլա» ընկերության կողմից դրսևորվող վարքագծի առնչությամբ առկա միջազգային փորձը: Մասնավորապես, ԵՄ տնտեսական մրցակցության օրենսդրությունն այս հարցի հետ կապված սահմանել է հստակ կարգավորումներ, համաձայն որի՝ «Coca Cola Hellenic Bottling Company» ընկերության համագործակցող տնտեսվարողներն իրավունք ունեն վերջինների տրամադրած սառնարաններում 20%-ի չափով սեփական հայեցողությամբ տեղ հատկացնել նաև ցանկացած այլ ընկերության արտադրած ըմպելիքի համար:
Նկատի ունենալով վերոնշյալ նախադեպը՝ ՏՄՊՊՀ-ն զուգահեռաբար նախապատրաստում է և հանդես կգա «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությամբ, ըստ որի՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները պարտավորված կլինեն իրենց կողմից տրամադրվող սառնարանների և ցուցապահարանների մինչև 20%-ը տրամադրել մրցակից ընկերությունների ապրանքների ներկայացվածության համար:
Հանձնաժողովն առաջիկայում կուսումնասիրի նաև «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության գործունեությունը՝ պարզելու՝ արդյո՞ք վերը նշված մրցակցային իրավախախտումներն առկա չեն նաև այս ընկերության վարքագծում: