«Հանուն մեր երկրի ապագայի՝ պետք է մաքրենք Մարտի 1-ի խարանը մեր ճակատից». Գագիկ Ջհանգիրյան
«Մի քանի օրից լրանում է Մարտի 1-ի ոճրագործության 8-րդ տարելիցը: Այդ օրը Երևանի կենտրոնում գնդակահարվեցին առնվազն 10 քաղաքացի, այդ թվում՝ 2 զինծառայող: Մինչ օրս պատասխանտվության չի կանչվել սպանություն կատարած որևէ անձ, էլ չենք խոսում խաղաղ ցուցարաների ջարդը կազմակերպած բանակն ու ապօրինի զինված կազմավորումները քաղաքական գործընթացներին ներգրաված խաղաղ բողոքի ակցիաների մասնակիցների վրա կրակ արձակելու հրաման տված պետական ու ոստիկանական բարձրագույն պաշտոնյաների պատասխանատվության մասին»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Ըստ նրա՝ կատարված սպանությունների հարցերով կազմված քրեական գործերը 6 տարի անպտուղ քննվել են մեկ քննչական խմբի կողմից մեկ վարույթում, 2 տարի էլ քննվում են տարբեր քննիչների կողմից՝ տարբեր վարույթներով, սակայն այդպես էլ քննության առարկա չդարձան Մարտի 1-ին ԶՈՒ մասնակցության, ապօրինի զինված խմբերի և շատ ու շատ այլ հարցեր: Պատգամավորը նշեց, որ քննչական ու օպերատիվ հետախուզական գործողություններ ու միջոցառումներ վաղուց չեն կատարվում, իշխող քաղաքական ուժի կողմից տապալվեց ՀԱԿ խմբակցության մշակած օրենքի նախագիծը, որով փոխհատուցում կտրվեր Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Նշելով, որ նրանք ի սպառ կորցրել են հավատը մեր արդարադատության նկատմամբ, Գ.Ջհանգիրյանը հայտարարեց, որ զոհերի հարազատների հույսը մնում է ՄԻԵԴ-ը: «Հանուն մեր երկրի ապագայի պետք է մաքրենք այդ խարանը մեր ճակատից»,- ասաց Գ.Ջհանգիրյանը: