«Տպավորություն է, որ ես ինչ-որ գույժ եմ հաղորդում, Դուք էլ ինձ ցավակցում եք այդ գույժը հաղորդելու մեջ». Արփինե Հովհաննիսյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է ստեղծել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն, պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ 2 տարի առաջ այդ երկու գերատեսչությունների միացման տրամաբանությունն այն էր, որ դրանց պետք է միանար նաև Ոստիկանությունը և անպայման դառնար Ներքին գործերի նախարարություն:

«Սա է ճիշտը, սա է խնդրի լուծումը, և այսպես են շարժվում աշխարհի բոլոր ցիվիլ երկրները, այդ թվում՝ նաև այն երկրները, որոնց վկայակոչելով՝ ընդունեցիք Սահմանադրությունը»,- ասաց Հ.Բագրատյանը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հիշեց, որ Հ.Բագրատյանը 2 տարի առաջ հնչեցրել էր Ոստիկանության միացման անհրաժեշտության մասին, բայց դրա մասին չի խոսվել զեկուցողների կողմից: Ըստ նրա՝ տարբեր մոդելներ կան, և աշխարհի շատ երկրներում կան ներքին գործերի նախարարություններ, որոնք իրենց մեջ ներառում են նաև ԱԻՆ և տարածքայինի հետ կապված տարբեր գործառույթները: Թե որ պահին, որ ճանապարհով կգնան, նախարարի խոսքով՝ ցույց կտա ժամանակը:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ «քաղաքական համագործակցության անհրաժեշտությունը» շատ թույլ հիմնավորում է, պետք է նայել՝ երկիրը պատրա՞ստ է, թե՞ ոչ: Նա հարցադրում արեց, թե այն ժամանակ վարչության պետեր են փոխվել, այժմ նրանք մնալո՞ւ են իրենց տեղերում, թե՞ ոչ, կամ 2017 թվից հետո նորից պետք է փոխվի՞:

Ա.Հովհաննիսյանն անընդունելի համարեց, որ քաղաքական դահլիճում անընդունելի է համարվում քաղաքական համագործակցությունը. «Ընդունված ձևաչափ է այլ երկրներում, միայն մեզ մոտ է, որ նման թեժ քննարկումների առարկա է դառնում»:

Պատգամավոր Թևան Պողոսյանը հիշելով, որ 2 տարի առաջ նախարարությունների միավորման հարցով հարակից զեկուցող էր Ա.Հովհաննիսյանը, խորհուրդ փոխանցեց կառավարությանը՝ քաղաքական որոշում կայացնել, և այն մարդը որ հիմնավորում էր մի բան դրականով 2 տարի առաջ, մյուս անգամ ուրիշին ուղարկեին այդ քաղաքական որոշումը ներկայացնելու:

«Պարոն Պողոսյան, իմ մոտ ինչ-որ տպավորություն է, որ ես ինչ-որ գույժ եմ հաղորդում, Դուք էլ ինձ ցավակցում եք այդ գույժը հաղորդելու մեջ: Կարող ՝ Ձեր համար գույժ է, բայց, անկեղծ ասած, ես օրինագիծ եմ ներկայացնում»,- տարակուսեց Ա.Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 2 տարի առաջ օրինագիծը ներկայացրել է կառավարության արդյունավետության տեսանկյունից, իսկ հիմա կառավարության արդյունավետության տեսանկյունից տարանջատման արդյունավետության հիմնավորում չի բերում, պարզապես քաղաքական համագործակցության խնդիր է:

Տեսանյութեր

Լրահոս