Ի՞նչ երաշխիք կա, որ վաղը չեն տարանջատվի սպորտը՝ երիտասարդությունից, գիտությունը՝ կրթությունից. Նաիրա Զոհրաբյան
2014 թ. նոյեմբերի 17-ին ԱԺ-ն փոփոխություն էր կատարել այն նույն օրենքում, որն այսօր արտահերթ նիստով ներկայացվել է հերթական անգամ փոփոխելու՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով այժմ առաջարկվում է ստեղծել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն:
Ինչպես այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զորհաբյանը, այս նույն 2 նախարարությունների միացումը հիմնավորվել էր ավելի օպտիմալ կառուցվածք ապահովելու և բյուջեների խնայողության անհրաժեշտությամբ:
«Հիմա մենք ի՞նչ երաշխիքներ ունենք, որ վաղը կամ մյուս օրը քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ չեն տարանաջատվի սպորտը՝ երիտասարդությունից, գիտությունը՝ կրթությունից և չեք կարծո՞ւմ, որ ի վերջո պետություն է և քաղաքական համագործակցության անհրաժեշտությունները պիտի բխեն պետական շահից և գնան այն խնդրի լուծմանը, ինչին պիտի միտված լինի կառավարության և իշխանության գործունեությունը՝ առավել օպտիմալացման: Ի վերջո, քանիցս ասվել է, որ մենք պետք է խնայենք բյուջեի միջոցները»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ ցավ հայտնելով, որ օրինագիծը ներկայացնելու «դժվար պարտականությունը» դրվել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի վրա:
Վերջինս խորին համոզմամբ պնդեց, որ քաղաքական համագործակցությունը ենթադրում է քաղաքական պայմաններ և դրանց արդյունքում առավել արդյունավետ աշխատելու վերաբերյալ տեսլական: Ըստ նրա՝ համաշխարհային պրակտիկայում օրինակներ կան, որ կոալիցիայի արդյունքում ստեղծվել են անգամ 30 նախարարություններ:
«Ես չէ, որ այստեղ քաղաքական ամբիոնում քաղաքական անհրաժեշտությամբ պայմանավորված որոշումների մասին պետք է խոսեմ»:
Օպտիմալացման վերաբերյալ Ա.Հովհաննիսյանը նշեց, որ նոր Սահմանադրության 147-րդ հոդվածը նախանշում է նախարարությունների թիվը սահմանափակել 18-ով: Նրա խոսքով՝ բյուջեի միջոցների հետ կապված ոչինչ չի քննարկվում և գոյություն ունեցող միջոցների հաշվին է իրականացվելու աշխատանքը: Ա.Հովհաննիսյանը նկատեց, որ այն ժամանակ, երբ նախարարությունները միացվեցին, այդ պահին անհրաժեշտ էր այդ լուծումը տալ և դա ապահովել է իր արդյունքները: