Բաժիններ՝

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը հանդիպել է «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի խմբի ղեկավարի հետ

Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանը հանդիպել է «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի Հայաստանի Հանրապետությունում գտնվող փորձագիտական խմբի ղեկավար (գլխավոր փորձագետ) Էրիկ Սվանիձեի և նրա գլխավորած պատվիրակների հետ:

Հանդիպման ընթացքում Էրիկ Սվանիձեն ներկայացրել է փորձագիտական խմբի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում և ընդգծել, որ հիշյալ ծրագիրն ուղղված է աջակցելու ՀՀ արդարադատության ոլորտի շահառուներին ձեռք բերել հիմնական, կայուն ու վստահելի տվյալներ արդարադատության ոլորտում մարդկանց ունեցած կարիքների և ակնկալիքների վերաբերյալ, որոնք պետք է օգտագործվեն համապատասխան օրենսդրական բարեփոխումների, մասնավորապես՝ 2017-2020 թվականներին դատաիրավական բարեփոխումների նոր ծրագրի մշակման գործընթացում:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մուշեղ Բաբայանը հանդիպման ժամանակ կարևորել է ձեռք բերվող արդյունավետ համագործակցության դիրքորոշումը: Մ. Բաբայանը ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության տեղն ու դերը երկրի իրավական համակարգում և ընդգծել, որ Ծառայությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում աջակցել ծրագրի իրականացմանը:

Հանդիպման ժամանակ կողմերը հստակեցրել են ծրագրի շրջանակներում համագործակցությունը զարգացնելու ուղղությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս