Վարույթ է ընդունվել Հանրաքվեի տեղամասում վստահված անձի լիազորությունները խոչընդոտելու դեպքով հարուցված քրեական գործը
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության վստահված անձ Դանիել Ի.-ն հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին թիվ 8/28 տեղամասի մոտ անհայտ անձինք քաշքշել են իրեն, իսկ նույն օրը՝ ժամը 22:20-ին, թիվ 8/29 տեղամասում ոստիկանության ծառայողը իրեն և լրագրողին թույլ չի տվել մուտք գործել տեղամաս:
Բացի այդ, Դանիել Ի.-ն հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ երեկոյան, թիվ 91 դպրոցում տեղակայված 8/27 և 8/28 տեղամասերի հանձնաժողովի նախագահները խոչընդոտել են իր լիազորությունների իրականացմանը և բռնություն են գործադրել իր նկատմամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի փետրվարի 8-ի դրությամբ քննվել են 29 քրեական գործեր, որոնցից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 4 քրեական գործ հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է, 1 քրեական գործ կասեցվել է, իսկ 22 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: