Բաժիններ՝

Քաղաքացին ենթարկվել է ապօրինի քրեական հետապնդման

2015 թ. նոյեմբերի 27-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Մ.-ը, որը հայտնել է, որ 2015 թ. ապրիլի 20-ին Գյումրի քաղաքի ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել Մուշի բաժին, որտեղ պահվել է ժամը 22:00-ից մինչև 1:00: Հարցաքննվել և ազատ է արձակվել: Հաջորդ օրը ոստիկանությունը նրան տրամադրել է դատաբժշկական փորձաքննություն անցնելու վերաբերյալ ուղեգիր:

Ոստիկանության աշխատակիցները պատճառաբանել են, որ քննչական գործողությունները կապված են 2015 թ. ապրիլի 18-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության հետ: Ինչպես նշել է քաղաքացին իր դիմումի մեջ, իրեն նորից են հրավիրել Գյումրու ոստիկանության Մուշի բաժին, մատնահետքեր վերցրել, ինչպես նաև վերցրել են նրա անձնագիրը և խոստացել հաջորդ օրը վերադարձնել, սակայն շուրջ 8 ամիս անձնագիրը մնացել է ոստիկանությունում:

Քաղաքացին նշել է նաև, որ 2015 թ. հունիս-հուլիս ամիսներին իրեն կրկին բերման են ենթարկել, այնուհետև խուզարկություններ կատարել իր և իր հարազատների բնակարաններում, առգրավել արժեքավոր իրեր, որոնք ևս ետ չեն վերադարձվել: Ա. Մ.-ի պնդմամբ՝ ամիսներ շարունակ ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է անօրինական հետապնդումների, անհիմն հարցաքննությունների, որոնք ուղեկցվել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքով:

Ընդ որում, քրեական գործի շրջանակներում նրան չեն հայտնել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունենալու մասին: Ա. Մ.-ը հայտնել է նաև, որ իրեն առաջարկել են ստանձնել հանցագործության կատարման մեղքը՝ փոխարենը խոստանալով 5 տարով արտերկիր ուղարկել: Ոստիկանության աշխատակիցները չարաշահել են օրենքով տրված լիազորությունները՝ թույլ տալով Քրեադատավարական օրենսգրքի մի շարք խախտումներ՝ վկայի կարգավիճակ ունեցող անձին ենթարկելով օրենքով չսահմանված փորձաքննությունների, առգրավելով նրա փաստաթղթերը և անձնական այլ իրեր, որի արդյունքում խախտվել են քաղաքացու իրավունքները և օրինական շահերը:

Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ Գլխավոր դատախազությանը և ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված 2015 թ. դեկտեմբերի 8-ի դիմումով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել հանցագործություն կատարած անձանց, միջոցներ ձեռնարկել Ա. Մ.-ի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը 2016 թ. հունվարի 25-ի պատասխան գրությամբ ընդունում է, որ իրավասու մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են անհիմն, բայց միաժամանակ հայտնում է կարգապահական խախտում թույլ տված աշխատակցի նկատմամբ կարգապահական տույժ չկիրառելու մասին՝ պատճառաբանելով, որ աշխատակցի կողմից նման խախտում թույլ է տրվում առաջին անգամ, և վերջինս ղեկավարության կողմից բնութագրվում է դրական: Այսպիսով՝ քաղաքացի Ա. Մ.-ը, սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում չունենալով որևէ կարգավիճակ, իրավապահ մարմինների կողմից անհիմն հետապնդումների է ենթարկվել, որի արդյունքում խախտվել են նրա մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ սահմանափակվել է նրա ելքը ՀՀ տարածքից, նվաստացվել է նրա և նրա ընտանիքի անդամների արժանապատվությունը, վերջիններս գտնվել են մշտական վախի և տագնապի մթնոլորտում:

Ավելին, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի միջամտությունից հետո ոստիկանությունը վերադարձրել է անձը հաստատող փաստաթղթերը (ընդ որում՝ ոստիկանությունում վստահեցրել են, որ ՀՀ տարածքից դուրս գալու դեպքում ոչ մի խնդիր չի կարող առաջանալ այլևս) Ա. Մ.-ը պատրաստվել է մեկնել արտագնա աշխատանքի, սակայն օդանավակայանում կրկին խոչընդոտվել է նրա ազատ տեղաշարժի իրավունքը, Ա. Մ.-ը բերման է ենթարկվել ոստիկանության Զվարթնոցի բաժին, որտեղ նրան ստիպել են պարտավորագիր ստորագրել՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ներկայանալու վերաբերյալ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանի ուղեկցությամբ ներկայանալով բաժին՝ Ա. Մ.-ը պարզել է, որ պարտավորագիր ստորագրել տալը իրականում այլ նպատակ է հետապնդել, դրանով իրավապահները ցանկացել են, հոգեբանական ճնշում գործադրելով, ստիպել Ա. Մ.-ին հրաժարվել ոստիկանների անօրինական գործողությունների վերաբերյալ իր բողոքից:

Այդուհանդերձ իրավասու մարմինները հրաժարվել են պատասխանատվության ենթարկել կարգապահական կոպիտ խախտում թույլ տված աշխատակցին, չեն վերականգնվել քաղաքացի Ա. Մ.-ի խախտված իրավունքները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հետամուտ է լինելու իրական մեղավորներին բացահայտելուն և քաղաքացի Ա. Մ.-ի խախտված իրավունքները վերականգնելուն:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս