Բաժիններ՝

«Կարեն Դուրգարյանի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ նա շուտով կվերադառնա Հայաստան և հանդես կգա մամուլի ասուլիսով, որտեղ երևույթները կկոչի իրենց անուններով». Վրեժ Դուրգարյան

«Օրկեստրից բաց նամակ նախագահի անունով չի եղել, և ոչ մեկը դրա տակ չի ստորագրել: Ով որ դա արել ա՝ հիմա համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցով, որովհետև դա քրեական պատասխանատվության խնդիր է, որովհետև ամբողջ կոլեկտիվի անունից անել ֆալսիֆիկացիաներ՝ օգտագործելով նախագահի անունը, գտնում եմ, որ դա մեծ հանցանք է»,- Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի՝ երեկ «Ա1+» հեռուստաընկերությանն ասած այս խոսքերը հարցազրույցից զայրացրել են Օպերայի և բալետի պետական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներին: Այսօր նրանք թատրոնում մամուլի ասուլիս էին հրավիրել, որը, սակայն, տեղի չի ունեցել: Պարզվում է՝ Օպերային թատրոնի ղեկավարությունը տեղյակ չի եղել երաժիշտների նման նախաձեռնության մասին, և մամլո ասուլիսը լուսաբանելու եկած լրագրողների մուտքը թատրոնի շենք արգելվել է:

168.am-ը Օպերայի և բալետի պետական թատրոնի շենքից դուրս հանդիպեց երաժիշտներից մի քանիսին՝ հասկանալու համար, թե ի՞նչ նպատակով էր կազմակերպվել ասուլիսը, և ինչո՞ւ լրագրողներին թույլ չի տրվել մուտք գործել թատրոնի շենք: Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Շմավոն Գրիգորյանից փորձեցինք նաև պարզել՝ ՀՀ նախագահին ուղղված բաց նամակ չի՞ եղել, ինչի մասին նախօրեին իր հարցազրույցում հավաստիացրել էր թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը.

«Նախագահին ուղղված բաց նամակ, որպես այդպիսին, նվագախմբի կողմից չի եղել: Եղել է բաց նամակ՝ ուղղված Գեղամ Գրիգորյանին, պատճենը՝ թատրոնի տնօրենին, և նույն այդ բաց-նամակն ուղղորդվել է երկրի նախագահին՝ առանձին հավելումներով, խնդրելով նրանից՝ արձագանքել մեր խնդրանքին, որին այդպես էլ՝ սկսած սեպտեմբեր ամսից, երբ մենք գրել էինք այդ նամակը, որևէ կերպ չի արձագանքվել»:

Մեզ հետ զրույցում Շմավոն Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենք դեռ սեպտեմբերից տեղյակ են եղել, որ թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը մտադիր է եղել լուծարելու գլխավոր դիրիժորի հաստիքը:

«Դեռ սեպտեմբերից մենք անձամբ Գեղամ Գրիգորյանից տեղեկացվել ենք, որ կադրային փոփոխություններ են լինելու, և գլխավոր դիրիժորի հաստիքը պետք է լուծարվի: Մենք այդպես էլ չիմացանք, թե ինչու դեռ սեպտեմբերին գրված մեր բաց-նամակը Գեղամ Գրիգորյանի և Անդրանիկ Արզումանյանի կողմից մնաց անպատասխան, չիմացանք՝ ինչո՞ւ, ի վերջո, որոշեցին այդ հաստիքը լուծարել հենց դեկտեմբերին, հատկապես, եթե դեռևս սեպտեմբերին պարզ էր, որ այդ թատրոնին գլխավոր դիրիժոր պետք չէ… Դեռ չենք խոսում, որ նման բան աշխարհում չկա՝ օպերային թատրոն՝ առանց գլխավոր դիրիժորի, և ասեմ ավելին՝ մենք բառացիորեն մամուլից ենք տեղեկացել, որ դեկտեմբերին այդ հաստիքը լուծարվել է»,- ասաց նվագախմբի երաժիշտը:

Մեկ այլ երաժիշտ՝ Գառնիկ Ենգիբարյանը, մեզ հետ զրույցում հավելեց, որ դեռևս սեպտեմբերին Գեղամ Գրիգորյանի որոշմամբ նախապես պլանավորված էր եղել լուծարելու ոչ միայն գլխավոր դիրիժորի, այլև գլխավոր բալետմայստերի հաստիքը: Երբ մենք իր աշխատասենյակում հարցրեցինք, թե ինչ հիմնավորումով է պարոն Գեղամ Գրիգորյանը որոշում նմանօրինակ կտրուկ կառուցվածքային փոփոխությունների գնալ, նա պատասխանեց միայն, որ ինքն այդպես է ուզում: Գլխավոր բալետմայստերի հաստիքը տեղում է, Վիգեն Գալստյանը՝ գլխավոր բալետմայստերը, շարունակում է աշխատել թատրոնում, և մեզ մնում է միայն հետևություններ անել, որ նրա այդ քայլն ուղղված էր ոչ թե՝ թատրոնի կառուցվածքային փոփոխություններին, ինչպես ինքն էր հավաստում, այլ՝ անձնապես Կարեն Դուրգարյանի անձին»:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ լրագրողներին արգելեցին մուտք գործել Օպերային թատրոնից ներս՝ մասնակցելու նվագախմբի հրավիրած մամուլի ասուլիսին, երաժիշտները, որ այդ պահին թվով 6-7-ն էին, միաբերան պատասխանեցին, որ տեղյակ չեն:

«Մենք ողջ նվագախմբով՝ լրագրողների ներկայությամբ, պարզաբանումներ էինք ուզում տալ՝ ի պատասխան Անդրանիկ Արզումանյանի հայտարարությանը, թե մեր բաց նամակում կան իբր կեղծ ստորագրություններ, քրեական գործ է հարուցվել, և այլն: Մենք պատրաստ էինք պատասխանելու լրագրողների ցանկացած հարցի՝ կապված բաց նամակի և դրա զարգացումների հետ: Մի կարևոր նկատառում ևս՝ մինչև պարոն Արզումանյանի երեկվա հրապարակային հարցազրույցը, այս կամ այն կերպով ինֆորմացիաներ էին տարածվում, իբր Կարեն Դուրգարյանի համախոհները ողջ նվագախմբից միայն 5 հոգի են: Եվ մենք մամուլի ասուլիս էինք հրավիրել, որ լրագրողներն ու մարդիկ տեսնեին, թե ովքեր են Կարեն Դուրգարյանի համախոհները, և քանիսն են նրանք իրականում:

Գրեթե ողջ նվագախումբը ներկա էր և պատրաստվում էր մասնակցել այդ ասուլիսին, բայց, ցավոք սրտի, նրանց ներս չթողեցին, և բակում հավաքված լրագրողները տեսան միայն այն մարդկանց, ովքեր դուրս էին եկել ընդմիջման: Ես նորից եմ կրկնում՝ գրեթե ողջ նվագախումբը պատրաստ էր պատասխանելու լրագրողների հարցերին»,- ասաց երաժիշտ Շմավոն Գրիգորյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ վերոհիշյալ բաց նամակը ստորագրել են ստեղծագործական անձնակազմի մոտ 140 ներկայացուցիչներ:

168.am-ը հանդիպեց և զրուցեց նաև Կարեն Դուրգարյանի եղբոր՝ Վրեժ Դուրգարյանի հետ, ով նախօրեին հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին՝ անդրադառնալով դիրիժոր Կարեն Դուրգարյանի Հայաստանից հեռանալու լուրերին:

Մեզ հետ զրույցում Վրեժ Դուրգարյանը տեղեկացրեց, որ Կարեն Դուրգարյանի ընտանիքը գտնվում է Հայաստանում, իսկ ինքը՝ դիրիժորը, որպես հրավիրյալ դիրիժոր, մեկնել է որոշ ժամանակահատված աշխատելու Նովոսիբիրսկի թատրոնում.

«Կարեն Դուրգարյանը չի արտագաղթել, նա պարզապես կարճ ժամանակահատվածով մեկնել է աշխատելու՝ որպես հրավիրյալ դիրիժոր: Եթե նա արտագաղթելու մտադրություն ունենար, ապա դա կաներ այն ժամանակ, երբ տարիներ առաջ օպերայում 18-20 հազար դրամ աշխատավարձով էր աշխատում: Նա մնացել է իր երկրի մշակույթի համար ծառայելու: Ես Կարեն Դուրգարյանի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ նա շուտով կվերադառնա Հայաստան և հանդես կգա մամուլի ասուլիսով, որտեղ երևույթները կկոչի իրենց անուններով, կխոսի այն ամենի մասին, ինչ իրականում կատարվել է այդ թատրոնում:

Կարեն Դուրգարյանը երբեք ցանկություն չի ունեցել դադարեցնելու աշխատանքն իր սիրելի նվագախմբի հետ, նրան աշխատանքից հեռացրել են, և դա արել են լավ մտածված սցենարով: Երբ հայտարարություններ են տարածում, թե Կարեն Դուրգարյանը հրաժարվել է աշխատանքից՝ դա սուտ է, նման բան չկա: Նա օֆիցիալ նման հայտարարություն չի արել:

Կարեն Դուրգարյանին տեղեկացրել են, որ գլխավոր դիրիժորի հաստիքը փակվում է, և, եթե դու երեք օրվա ընթացքում որևէ պատասխան չտաս, ապա դա նշանակում է՝ համաձայն ես այդ որոշման հետ: Ի դեպ, այստեղ պետք է շեշտել, որ այդպիսի բան ասողը չի շեշտում՝ նկատի ունի երեք աշխատանքային օ՞ր, թե՞ պարզապես երեք օր: Ու ամենազավեշտալին այն է, որ այդ մասին Կարեն Դուրգարյանին հայտնում են ուրբաթ օրը: Երկուշաբթի, երբ Կարենը պատասխանում է նրանց, պարզվում է՝ երեք օրն արդեն լրացել է: Ահա սա է եղել այդ ողջ պատմությունը: Գիտե՞ք, ես հարգում եմ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի վաստակը, բայց նրա այդ օրերին մամուլում արած այն հայտարարությունը, թե ինքը հեռացրեց ՕՀան Դուրյանին, Կարենն ո՞վ է, որին չհեռացնի, արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս…»:

Տեղեկացնենք, որ համակողմանի տեղեկատվություն ներկայացնելու նպատակով 168.am-ը հեռախոսազրույց ունեցավ նաև Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական Կարեն Շահինյանի հետ, ով մեզ տեղեկացրեց այսօր չկայացած մամուլի ասուլիսի պատճառների մասին:

Կարեն Շահինյանի հետ հարցազրույցը կներկայացնենք հաջորդիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս