Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրական դատարանի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:
Ուղերձում ասված է.
«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի՝ որպես երկրի Մայր օրենքի գերակայությունը եւ անմիջական գործողությունն ապահովող, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանող մարմնի ստեղծման անհրաժեշտությունը հաստատվեց այս 20 տարիների ընթացքում:
Իր կազմավորման օրից դատարանը, լինելով սահմանադրական արդարադատություն իրականացնող միակ կառույցը, աշխատանքներ է տանում երկրում սահմանադրականություն հաստատելու, քաղաքացիական հասարակություն ու իրավական մշակույթ ձեւավորելու ուղղությամբ և, համագործակցելով աշխարհի տարբեր հեղինակավոր իրավական ինստիտուտների հետ, իր ներդրումն է ունենում պետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Սահմանադրական դատարանի աշխատակիցներին` հիշարժան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ` ի փառս Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի»: