«Խոզի գրիպի» վարակը նահանջում է
«Խոզի գրիպով» հիվանդացության դեպքերի նվազում է գրանցվում, այս պահին հիվանդանոցներում կան 570 սուր շնչառական և 300 թոքաբորբով հիվանդներ, հոսպիտալացման դեպքերը նվազել են 50%-ով: Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ մինչ օրս եղել է 19 մահվան դեպք՝ ուղեկցվող հիվանդություններով: Ըստ նախարարի՝ H1N1-ը մահացու չէ, բարդություններն ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում՝ շաքարային դիաբետ, սրտային հիվանդություններ, և այլն: Ա.Մուրադյանի խոսքով՝ մեծ աշխատանք է կատարվել պատվաստումների ուղղությամբ, 15 հազար անձ է պատվաստվել, 3300-ից ավելի դեպք հոսպիտալային բուժում է ստացել, և 99%-ից ավելի դեպքերում հաջողվել է դուրս գրվել՝ առանց որևէ վտանգի առողջության համար, պոլիկլինիկաներն ու հիվանդանոցներն աշխատում էին հերթապահություններով, շուրջօրյա, իսկ դեղորայքն այս պահին էլ անհրաժեշտ քանակությամբ կա պաշարված:
«Վիրուսը շրջանառության մեջ է 2009 թվականից ամբողջ աշխարհում, հարևան երկրներում պատկերը շատ ավելի դժվար է, քան ՀՀ-ում»,- նկատեց նախարարը: