«Լրագրողը մեր հասարակության բարոյականության հայելին է ու հավաքարարը». Թևան Պողոսյան

Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը խոսեց քաղաքակիրթ պետությանը հարիր արժեքների ու կանոնների մասին: Ըստ նրա՝ պատգամավորները, բացի օրենքներ գրելուց, նաև ժամանակի պահանջներին հարիր վարքականոնների պետք է տիրապետեն:

«Հորդորս շատ կարճ է՝ մի՛ արհամարհեք լրագրողներին ու լրագրողի աշխատանքը: Լրագրողը նման է բժշկի: Մարդու առողջական խնդիրներն ախտորոշելու, ախտերը բուժելու համար բժիշկը հաճախ ցավ է պատճառում: Դա անհրաժեշտ է ու արվում է ավելի մեծ ցավը կանխելու, վերացնելու համար։ Լրագրողների հարցերը շատ հաճախ բժշկի ասեղի ծակոցին են նման։ Սակայն համաձայնվեք, որ առանց դրանց հնարավոր չէ ախտորոշել հասարակության խնդիրները: Լրագրողի աշխատանքը նման է և ոստիկանի ծառայությանը: Ոստիկանն իր ծառայության բերումով կոչված է բախվելու մարդու իրավունքների ու հասարակության անվտանգության խախտումներին ու առաջինը միջամտելու՝ փորձելով ծառայել հասարակությանն ու պաշտպան մարդուն։ Լրագրողն էլ իր հակասություններով լի աշխատանքային գործունեության մեջ չի կարող բավարարել յուրաքանչյուրին, այլ կոչված է պաշտպանել թույլին՝ ուժեղից, շատերին՝ մեկ-երկուսից։ Լրագրողը մեր հասարակության բարոյականության հայելին է ու հավաքարարը։ Ու ամեն անգամ հայելուց մեզ նայող ծուռ պատկերի մեջ հայելուն մեղադրելուց առաջ հիշենք, որ պատկերը մերն է, հայելունը չի»,- ասաց Թ.Պողոսյանը։

Նա կոչ արեց հարգանքով վերաբերվել լրագրողներին՝ գիտակցելով, որ «ծակոց» հարցերը նպաստելու են մեր երկրի խոցերի Ճիշտ ախտորոշմանը, ու ճիշտ զարգացումներ ուրվագծելուն:

Տեսանյութեր

Լրահոս