«Հանրաքվեի մասնակիցների իրական թիվը կեղծվել է մոտ 500 հազար ձայնով». Լևոն Զուրաբյանը
«Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն ևս մեկ անգամ ցույց տվեց այն անջրպետը, որ ձևավորվել է ՀՀ գործող իշխանության և ժողովրդի միջև: Նորից ապացուցվեց, որ ՀՀ-ում ստեղծված ընտրական համակարգը ոչ թե նպաստում է ժողովրդի ազատ կամարտահայտմանը, այլ հակառակը՝ օգտագործվում է իշխանությունների կողմից ժողովրդի կամքը ոտնահարելու, նրա կամքին հակառակ վերարատադրվելու և անխնա կեղեքումը շարունակելու նպատակով»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա՝ ժողովուրդը «ոչ» քվեարկեց սեփական իշխանությունը երկարացնելու Սերժ Սարգսյանի փորձերին: Լ.Զուրաբյանի խոսքով՝ «ոչ»-ը «այո»-ին հաղթել է 3/1-ի հարաբերությամբ, սակայն հայտարարվեցին «շուռ տված» արդյունքներ, մասնակիցների իրական թիվը կեղծվել է մոտ 500 հազար ձայնով: Զուրաբյանը նշեց, որ հանրաքվե կեղծել հնարավոր է, բայց հնարավոր չէ կառավարել ոտնահարված կամքով ժողովրդին: Նա կոչ արեց ընդունել մատնահետքերով քվեարկության, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման և ընտրողների ցուցակների ստուգման վերաբերյալ ՀԱԿ առաջարկները:



