Բաժիններ՝

Երևանի ճանապարհային մոդելի բարելավման համար ԱԶԲ-ն հատկացնում է 112.9 մլն դոլար վարկ

Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարությանն է տրամադրում 112 մլն 960 հազար դոլար վարկ: Այսօր ԱԺ նիստում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագիրը:

Ըստ նրա՝ ծրագիրը շարունակական է, նախատեսվում է բարելավել Երևանի ճանապարհային մոդելը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2020թ., վարկի մարման ժամանակաշրջանն է՝ 22 տարի, որից արտոնյալ՝ 15 տարի, տոկոսադրույքը լողացող է, մարումն իրականացվում է կիսամյակային կտրվածքով:

Կ.Արեյանի խոսքով՝ տրանշ 1-ի շարունակությունն է, որով ճանապարհը ձգվում է Արշակունյաց պողոտայից, Բանվորի արձանից մինչև Նորագավիթ, դեպի Արտաշատի խճուղի, միանում է Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածի՝ դեպի Արտաշատ տանող հատվածին: Նա նշեց, որ արդեն աշխատանքների 25 մլն ծավալն իրականացված է, հիմնականում նախատեսվում է 2017թ. տարեվերջին ավարտել ծրագիրը:

Փոխքաղաքապետի խոսքով՝ այս վարկով Նորագավիթից Շիրակի փողոցով, Արգավանդի հանգույցով ճանապարհը կառուցվելու է՝ դեպի Բաբաջանյան փողոց, և Դավթաշենի կամրջից՝ դեպի Աշտարակի խճուղի: Ըստ նրա՝ հիմնական ճանապարհի ընդհանուր երկարությունը 10.4 կմ է, իջատեղերով և ուղետարներով՝ 17 կմ, հագեցած է լինելու 1 կամրջով, 4 տրանսպորտային հանգույցներով, 3-ական ուղեանցքերով և թունելներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս