Էդմոն Մարուքյանը ՄԻՊ պաշտոնում առաջարկելու է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը
Այսօր ԱԺ նիստում ՄԻՊ պաշտոնում ընտրելու համար ԱԺ թեկնածու առաջարկելու կարգի քննարկման ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դժգոհեց, որ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամանակաշրջանում նրան քարկոծում են, իսկ հրաժարականից հետո՝ հերոսացնում:
«Մարդը, երբ աշխատում է, ինչ ասես` ասում են, հետո ասում են՝ ժողովուրդը նրան սիրում էր»,- ասաց Է. Մարուքյանը:
Նրա կարծիքով, այդ մթնոլորտի հետևանքով է, որ ցանկացած թեկնածու՝ հայտնի, տարիներ շարունակ իրավապաշտպանությամբ զբաղվող մարդ հրաժարվում է դառնալ ՄԻՊ, քանի որ գիտի, որ հետո ասելու են՝ «և դո՞ւ Բրուտոս»: Է. Մարուքյանը կոչ արեց ՄԻՊ-ին չմեղադրել իշխանությանը ծառայելու մեջ, քանի որ ընտրվելուց անմիջապես հետո նա դառնալու է անկախ պաշտոնյա:
«Ով էլ ընտրվի, ընտրվելու է այս խորհրդարանի, այս քաղաքական մեծամասնության կողմից»,- ասաց պատգամավորը՝ առաջարկելով պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին քվեարկել ԱԺ նիստում:
Է. Մարուքյանը հայտարարեց, որ ինքն անձամբ ՄԻՊ պաշտոնում առաջարկելու է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, և կոչ արեց պաշտպանել այն. «Կարծում եմ՝ նա կարող է լինել լավագույն ՄԻՊ-ը՝ իր ունեցած փաստաբանական փորձով, խարիզմայով և մարդու իրավունքների վերաբերյալ իր մոտեցումներով»: