Հրաշալի օմբուդսմեն կլինեին իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կամ Ավետիք Իշխանյանը. Նաիրա Զոհրաբյան
Այսօր ԱԺ նիստում ՄԻՊ պաշտոնում ընտրելու համար ԱԺ թեկնածու առաջարկելու կարգի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տեսակետ հայտնեց, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ԱԺ նիստում ընտրության համար 1 հոգու թեկնածություն ներկայացնելը մրցակցային չէ: Ըստ նրա՝ դրանով ընտրության հնարավորությունը սահմանափակվում է, և պետք է առնվազն 2 հոգու թեկնածություն ներկայացնել:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չհամաձայնեց՝ նշելով, թե առաջադրված թեկնածուներից հանձնաժողովն է ընտրում մեկին, իսկ ԱԺ նիստում, միևնույն է՝ մեծամասնությունն ընտրելու է իր թեկնածուին:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով՝ ԱԺ նիստում ՄԻՊ ընտրության պատկերն այլ կլինի, եթե 2 հոգի քվեարկվի: Նա առաջարկեց, որ հանձնաժողովում երկու առավել ձայներ հավաքած թեկնածուները ներկայացվեն ԱԺ քվեարկությանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր կարծիքով՝ հրաշալի օմբուդսմեն կլինեին իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կամ Ավետիք Իշխանյանը, կամ մեկ այլ գործընկեր. «Օմբուդսմենը մեր երկրում, մեր քաղաքական մենթալիտետում ամենաթիրախային պաշտոնն է, եթե հրապարակում է մի զեկույց, որը չի սպասարկում իշխանության շահը, այն անմիջապես հռչակվում է ամենավատ կադրը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, եթե մեկ այլ զեկույցի մի որևէ հատվածում օբյեկտիվորեն քննադատում է ընդդիմությանը, անմիջապես ընդդիմությունը սրբազան պատերազմ է սկսում այդ թեկնածուի դեմ՝ նրան հռչակելով իշխանության կամակատար, և այլն: Անելիք ունենք, որ հաջորդ ՄԻՊ-ին չդարձնենք քավության նոխազ, և պարբերաբար արդարանա իր տեսակետի համար: Եվս մեկ անգամ սխալվելու իրավունք մենք չունենք»:
Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը մեղադրեց Կարեն Անդրեասյանին, ով «վերցրեց ու հրաժարական տվեց»: Նրա կարծիքով՝ ՄԻՊ-ը պետք է երդում տալուց նաև երդվի, որ հրաժարական չի տա. «Էս ի՞նչ ա, տուն-տունիկ ենք խաղո՞ւմ»: