
2015թ. սպանվել է 110 լրագրող. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպություն

2015 թվականին 110 լրագրող է սպանվել՝ կապված իր աշխատանքային գործունեության կամ դեռևս անհայտ հանգամանքների հետ: Իր աշխատանքային գործունեության պատճառով սպանվել է 67 լրագրող, ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Լրագրողները վտանգի են ենթարկում իրենց կյանքը, քանի որ աշխատում են սուր թեմաների վրա ու քննադատում իշխանություններին: Վիճակագրությունը վկայում է այն մասին, որ միջազգային ջանքերը, լրագրողների նկատմամբ բռնությունները կրճատելու ուղղությամբ, ցանկալի արդյունք չեն տալիս»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Բրիտտա Հիլփերթը:
Լրագրողների համար աշխատանքի ամենավտանգավոր վայր է համարվել Սիրիան, սակայն այնտեղ այս տարի ավելի քիչ լրագրող է սպանվել, քան հակամարտության նախորդ տարիներին (13 մարդ):
Լրագրողների համար առավել մեծ վտանգ են ներկայացնում իսլամիստները, ներառյալ ԴԱԻՇ-ն ու «Ալ-Քաիդան»:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը լրագրողների համար վտանգավոր երկրների թվում ընդգրկել է Իրաքը, Բրազիլիան, Բանգլադեշը, Հարավային Սուդանն ու Եմենը:
Առաջին անգամ ցուցակում հայտնվել է Ֆրանսիան, որտեղ այս տարի ահաբեկչություններ են տեղի ունեցել: