«Քաղաքաշինության ոլորտում 2015թ. օրենսդրական կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել». Նարեկ Սարգսյան

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօրվա ամփոփիչ ասուլիսին ասաց, որ քաղաքաշինության ոլորտում 2015թ. օրենսդրական կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել. «Վերջերս ԱԺ-ի կողմից ընդունվեց կարևոր օրենսդրական փոփոխություն՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը»:

Նա նշեց, որ առաջարկվել է լիցենզավորման ենթակա տեսակների ցանկից հանել մի շարք օբյեկտների շինարարությունը և դրանց նկատմամբ կիրառել հսկողություն՝ համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն. «Այդ օբյեկտներն են գյուղական բնակավայրերում կառուցվող 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները և 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, ինչպես նաև գյուղական բնակավայրերում համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասերում` 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության այլ ոչ հիմնական շինությունները և 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները:

Մինչև հիմա օրենքը պարտադրում էր, որ մարդիկ ունենան լիցենզավորված շինարարներ, ինչը շինարարությունը թանկացնում էր մոտ 40%-ով, հիմա օրենսդրական փոփոխությունից հետո նրանք իրավունք կունենան տնտեսական եղանակով իրականացնել»:

Հաջորդ կարևոր օրենսդրական փոփոխությունն ըստ նախարարի՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունումն է ԱԺ կողմից. «Հայաստանի մոտ 866 գյուղական բնակավայրեր երկար տարիներ չունեն գլխավոր հատակագծեր, մոտ 50 գյուղ ունի գլխավոր հատակագիծ, իսկ քաղաքային 49 համայնքներից 43-ն ունեն գլխավոր հատակագիծ: Այս օրենքը միտված է Հայաստանի քաղաքների և գյուղերի գլխավոր հատակագծերին աջակցելուն: Գյուղական մինչև 15 հազար բնակիչ ունեցող համայնքները չունեն միջոցներ, ու այս ծրագրի շնորհիվ դա կիրականացվի»:

 

Տեսանյութեր

Լրահոս