«Տոնական օրերին հատկապես ուշադիր եղեք անչափահասների հանդեպ»
Հարգելի համաքաղաքացինե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են:
Ճանապարհային ոստիկանությունն այս տարի էլ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության բնակավայրերում ու ճանապարհներին:
Նախորդ տարիների փորձը վկայում է, որ խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման օպերատիվ արձագանքը տոնական օրերին կտրուկ նվազեցնում է պատահարները, կրճատում վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը:
Ոստիկանությունը ողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները՝ ակնկալելով նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու օժանդակությունը:
Հարգելի վարորդնե՛ր, հիշեք, որ պատասխանատու եք ձեր, ձեր հարազատների, երթևեկության բոլոր մասնակիցների համար: Անխոհեմ արարքով մի վտանգեք ձեր և այլոց կյանքն ու առողջությունը: Մեքենա վարելու դեպքում ընդհանրապես ձեռնպահ մնացեք ոգելից խմիչք օգտագործելուց:
Ուժեղացված ծառայության ընթացքում ոչ մի ներողամտություն չի դրսևորվի հատկապես հարբած վարորդների հանդեպ. կարգազանցը կենթարկվի պատասխանատվության, ոստիկանական պարեկախումբն ուղևորներին կուղեկցի տուն, իսկ ավտոմեքենան կտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Հարգելի ծնողնե՛ր, տոնական օրերին հատկապես ուշադիր եղեք անչափահասների հանդեպ: Զերծ պահեք նրանց ոգելից խմիչք օգտագործելու, առավել ևս՝ ավտոմեքենա վարելու գայթակղությունից: Աջակցեք ոստիկանությանը երեխաների անվտանգության ապահովման գործում: Համատեղ անենք ամեն ինչ՝ տոնը միջադեպերով ու պատահարներով չմթագնելու համար:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել նաև տոնական հրավառությունների կազմակերպման անվտանգության կանոնները:
ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի որոշումով թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 1-ը, բայց հիշենք, որ շրջապատում ծերեր, հիվանդներ, մանկահասակ երեխաներ կան, անհարկի աղմուկով չխախտենք նրանց անդորրը, չվտանգենք նրանց առողջությունը, նեղություն չպատճառենք մարդկանց:
Գրված օրենքներից բացի, կան նաև չգրված օրենքներ՝ համակեցության կանոններ, որոնք պահպանելը բոլորիս բարոյական պարտականությունն է:
Ոստիկանությունը կրկին կոչ է անում պահպանել Տոնի լուսավոր խորհուրդը, բոլոր օրենքների տառն ու ոգին, հարգանքն ու հոգատարությունը միմյանց հանդեպ:
Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ապահով տարի, շենություն ու երջանկություն: