Գյումրիի կենդանաբանական այգու արջերին շուտով կտեղափոխեն Ռումինիա
«Վերջին շրջանի ամենահաջողված գործը Գյումրիի կենդանաբանական այգու խնդրին լուծում տալու մեր փորձերն էին, իսկ խնդիրները մասամբ լուծում ստացան: Արջերին շուտով կտեղափոխենք Ռումինիա՝ հատուկ պահպանվող վայր, որը նախատեսված է հենց արջերի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ըթնացքում ասաց ակտիվիստ Կարինե Փանոսյանը՝ հավելելով, որ պայմանագիրն արդեն ստորագրված է, և այժմ վերջին փաստաթղթերն են կարգի բերում, որպեսզի մոտավորապես երկու ամսվա ընթացքում կարողանան կենդանիներին տեղափոխել:
«Կենդանիները շատ վատ վիճակում էին: Կենդանաբանական այգու աշխատակից տիկին Ալվարդը մեզ տեղեկացրել էր, որ առյուծները չէին կարողանում տեղից վեր կենալ, որովհետև սոված էին ու հյուծված: Բարեբախտաբար, հնարավոր եղավ գումար հայթայթել և կերակրել կենդանիներին: Առյուծների հարցը դեռ բաց է մնում, բայց հուսով ենք, որ այդ հարցին էլ շուտով կկարողանանք լուծում տալ»,- նշեց նա:
Կ. Փանոսյանի խոսքով՝ դեկտեմբերի 21-ին հանդիպել են բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանի հետ, ու որոշում է կայացվել՝ ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի ՀՀ տարածքում գործող կենդանաբանական այգիների խնդիրներով, օրենսդրության քննարկմամբ ու այն ԱԺ հասցնելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու նպատակով. «Հիմա կազմում ենք հանձնաժողով, աշխատանքներն ընթացքի մեջ են»:
Նա ասաց, որ հունվարին Հայաստան կժամանի Անասնաբույժների համաշխարհային ծառայությունը՝ թափառող շների խնդիրներով զբաղվելու համար. «Մենք հուսով ենք, որ քաղաքապետի աջակցությամբ կկարողանանք այս հարցը լուծել, և թափառող շներն այլևս խնդիր չեն հանդիսանա մեր հասարակության համար: Սրանք այս տարվա ամենահաջողված գործերն էին»: