«Ձերբակալելու ժամանակ արդեն նախօրոք պատրաստված էր այդ շոուն». Իսրայել Սարգսյան
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ քրեական աշխահում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով հարցաքննվեցին վկաներ, ինչպես նաև հետազոտվեցին ապացույցներն ու փաստաթղթերը:
Մեղադրողը հրապարակեց 2014թ., հունվարի 27-ին կազմված դեպքի վայրի զննության, ինչպես նաև լրացուցիչ զննության արձանագրության որոշ հատվածներ: Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը, սակայն, պահանջեց, որ այն հրապարակվի ամբողջությամբ:
Փաստաբանն ասաց, որ օրենքի պահանջն է՝ հետազոտվող յուրաքանչյուր նյութից հետո՝ կլինի վկայի ցուցմունք թե փորձագետի եզրակացություն, ամբաստանյալն իրավունք ունի ցուցմունք տալ այդ կապակցությամբ. «Բա դուք բան չեք ասում, ի՞նչ ցուցմունք տա ինքը, ի՞նչ ասի: Եթե Դուք կիսատ-պռատ երկու բառ ասացիք, անգրագետ կազմված տեղազննությունից, որ չի էլ ընթերցվում ու չերևաց, որ այնտեղ անգրագետ է կազմված, ինչ է գրված, ինչ խեղաթյուրումներ ասես մտցված են»:
Արձանագրությունը հրապարակվեց ամբողջությամբ, ինչից պարզ դարձավ, որ դեպքի վայրից ռետինե բժշկական ձեռնոց է հայտնաբերվել, մայթեզրի ծայրին՝ ատրճանակ, որը զննության պահին ամբողջությամբ պատված է եղել ջրային հեղուկով և գտնվել է խոնավ վիճակում:
Արձանագրության համաձայն՝ փորձագետը նշել է, որ ատրճանակից հնարավոր չէ մատնահետքեր վերցնել՝ թաց լինելու պատճառով: Հրապարակումից հետո Հեկտոր Սարդարյանն ասաց, որ ատրճանակի վրա մատնահետք և արյան հետք չի փնտրվել, չի ֆիքսվել տեղազննության ժամանակ, քանի որ փորձագետը հայտարարել է, որ թաց է, հնարավոր չէ: «Այս հանգամանքի վրա նույնպես ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, որովհետև նման դեպքերում չորացվում է և փնտրվում է»:
Փաստաբանն ասաց, որ լավ կլիներ մանրամասն տեղեկություններ ունենալ, թե հայտնաբերված ձեռնոցն ու ատրճանակը միմյանցից ինչ հեռավորության են գտնվել, քանի որ դա կարևոր հարց է: Դեպքի վայրի զննության լրացուցիչ արձանագրության համաձայն՝ հայտնաբերվել էին պղնձագույն պարկուճներ, հայտնաբերվել էին տեսագրող սարքեր: Դատավարության մասնակիցները նշում էին, որ քննիչի կողմից կազմված փաստաթղթերը դժվար ընթեռնելի են: Հեկտոր Սարդարյանը միջնորդեց «նեղություն պատճառել» քննիչին ու հրավիրել հարցաքննության՝ նշելով, որ պաշտպանական կողմը նրան, բացի ձեռագրի հետ կապված պարզաբանումներից, այլ կարևոր, էական հարցեր ունի:
Հրապարակվեց դատագենետիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, որի համաձայն՝ փորձագետին առաջադրվել էր հարցը, թե դեպքի վայրից հայտնաբերված և փորձաքննության ներկայացված ձեռնոցի ներսային մակերեսից ԴՆԹ անջատվո՞ւմ է, թե՞ ոչ: Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սպասվում էր, որ կնշանակվեր մատնահետքաբանական փորձաքննություն՝ հայտնաբերված ատրճանակի վրա մատնահետքեր հայտնաբերելու նպատակով, սակայն փորձաքննություն չի նշանակվել, ինքը գործում չի գտել:
Հրապարակվեցին նաև 2014թ. փետրվարի 3-ին ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին բերման ենթարկելու մասին, ինչպես նաև՝ անձնական խուզարկության մասին արձանագրությունները: Անձնական խուզարկության մասին արձանագրության համաձայն՝ ամբաստանյալի մոտից հայտնաբերվել են դրամապանակ, բանկային քարտեր, ձեռքի ժամացույց, բջջային հեռախոս, գոտկատեղից՝ «Բերետտա» տեսակի ատրճանակ, որի պահունակի մեջ 3 փամփուշտ է հայտնաբերվել: Արձանագրության մեջ նշված էր, որ Իսրայել Սարգսյանը հայտարարել է՝ բոլոր իրերը՝ բացի ատրճանակից, պատկանում են իրեն:
Իսրայել Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ, երբ իրեն ձերբակալել են, իր ընկերների հետ «աշխատանքային ժամանակաշրջանում» է եղել, փախուստի մեջ չի եղել, ոչ էլ թաքնվել է որևէ մեկից. «Բոլորս էլ գիտենք՝ այդ ձերբակալության շոուն ինչ ձև է կազմակերպվում»: Նա նշեց, որ դեպքից առաջ եղել են դեպքեր, երբ իրեն կանչել են, ինքը գնացել է Ոստիկանության, եթե զանգահարեին, ինքը կներկայանար.
«Բայց իրենց պետք էր, որ ինձ այդ ձևի ձերբակալեին: Դե բնական է՝ պիտի «Սուր անկյունից» սկսած՝ բոլոր տեղերով ցույց տային, որ բռնվել է, ու տենց: Դրա հետ մեկտեղ, ձերբակալելու ժամանակ, հարգելի դատարան, արդեն նախօրոք պատրաստված էր այդ շոուն: Դե բնական է՝ իմ և իմ ընկերների մոտ ոչ մի զենք էլ չի եղել: Նրանք այդ ժամանակ ասում էին՝ զենքն ո՞ւր է, զենքն ո՞ւր է, ես արդեն հասկանում էի՝ ինչ է կատարվում, և, երբ մեզ հասցրին Ոստիկանության շենք՝ նախարարություն, այնտեղ… ես մինչև հիմա հիշում եմ տվյալ անձնավորությանը, որ այդ փոքր ատրճանակը դրեց իմ գոտկատեղին: Ստուգելու ժամանակ ինչ հրապարակեց՝ դրանք եղել են, բացի ատրճանակից: Ւմ ձեռքերը շղթայված էին, ձեռքերս հետևի կողմից էին շղթայված, այդ ժամանակ օպեր աշխատողներից մեկը մոտեցավ, այդ ատրճանակը մտցրեց իմ գոտկատեղը ու ասեց՝ էսի քոնն ա, արա: Ասեցի՝ ո՞նց է իմը, բա՝ հա, էսի քոնն ա: Ասի՝ եղավ»:
Ամբաստանյալը հայտարարեց, որ ատրճանակը սկզբում դրել են գոտկատեղին՝ դիմացի մասում, հետո փոխել են, դրել հետևի հատվածում, քանի որ հասկացել են, որ ձեռքերը շղթայված են հետևի հատվածում, «բնական է՝ պիտի մատնահետք վերցնե՞ն, թե՞ չէ».
«Ընթացքում ես ինչքան աշխատեցի՝ չկպնեմ էդ ատրճանակին, համենայն դեպս, ոնց որ ասած՝ բութ մատս կպավ այդ ատրճանակին, և փորձաքննության պատասխանները դա տվել են, որ ատրճանակի վրա գոյություն ունի մի մատնահետք, դա իմ բութ մատնահետքն է: Դե ես, բնական է՝ գերբնական ուժով բութ մատով այդ ատրճանակը կարում եմ վերցնեմ և գործողություններ կատարեմ երևի»: Ամբաստանյալն ասաց, որ մինչև հիմա հիշում է այդ աշխատակցի դեմքը, ով իր գոտկատեղին է դրել այն: