Ադրբեջանը Իրանին առաջարկել է ելք դեպի Սև ծով՝ երկաթուղային ճանապարհով
Ադրբեջանն Իրանին առաջարկել է օգտագործել «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքը՝ Սև ծովով բեռների տեղափոխման համար: Ադրբեջանի առաջարկը հնչել է Թեհրանում անցկացվող Տնտեսական, առևտրի ու մարդասիրական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ, տեղեկացնում է Trend-ը:
Իրանին առաջարկվել է երկաթուղային միջանցքի ու Ադրբեջանի տրանսպարտային ենթակառուցվածքների միջոցով իրանական բեռներն ուղարկել Ռուսաստան, ինչպես նաև արևմտյան ուղղությամբ՝ դեպի Սև ծով Ադրբեջանի ու Վրաստանի տարածքներով:
Ադրբեջանի կողմից միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցում է Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը, Իրանի կողմից՝ կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:
«Հյուսիս-Հարավ» երկաթուղին միացնում է Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ:
Տվյալ նախագիծը նախատեսում է իրանական ու ադրբեջանական Աստարաների միջև սահմանային երկաթուղային կամրջի կառուցում: