Ինչ պատահեց Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ բավական հետաքրքրական զարգացում է ստացել Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովը: Գագաթնաժողովն անցել է ՀՀ նախագահությամբ, քանի որ այս տարվա սեպտեմբերի 15-ից այդ կառույցում նախագահությունը անցել է Հայաստանին: Եվ ահա, Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում հնչել է ՀՀ նախագահի չափազանց կոշտ ելույթը, որը ոչ այլ ինչ է, քան մեղադրանք ՀԱՊԿ-ի անդամներին՝ ՀՀ հանդեպ իրենց դաշնակցային պարտականությունները չկատարելու համար: Այդ մեղադրանքը հնչում է հայ-ադրբեջանական լարվածության նոր փուլում, որտեղ ըստ էության լարվածության նոր մակարդակ է՝ տանկերի կիրառում: Միաժամանակ, Սերժ Սարգսյանի կոշտ ելույթը հնչում է Բեռնում Սարգսյան-Ալիև հանդիպումից բառացիորեն երկու օր անց:

Այստեղ, իհարկե, ամենաուշագրավը Ռուսաստանի հանգամանքն է. ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը համարձակվում նման մեղադրանք հնչեցնել, որը տարածվում է նաև ՌԴ վրա: Այս հարցն անկասկած կլինի այսօր առավոտյան Հայաստանում հնչող ամենատարածված հարցերից մեկը: Բանն այն է, որ Երևանն այնքան է վարել ՌԴ շահերից կախված արտաքին քաղաքականություն, որ ոչ մի կերպ հավատ կամ վստահություն չի ներշնչում այն, որ Հայաստանը կարող է թեկուզ ՀԱՊԿ շրջանակով, սակայն նման մեղադրանք հնչեցնել, այդ թվում և՝ Մոսկվային:

Եվ այս գործոնի տակ շատերն անկասկած կփորձեն հասկանալ, թե ի՞նչ կարող էր թաքնված լինել, և որտեղ է այստեղ ռուսական շահը, առանց որի Հայաստանը չէր կարող որևէ քիչ թե շատ նշանակալից բան անել արտաքին քաղաքական որևէ հարցում: Եվ սա այն դեպքում, երբ մյուս կողմից ակնհայտ է, որ սա այն նվազագույնն է, որ Հայաստանը պետք է աներ, և վաղուց, և ոչ միայն ՀԱՊԿ-ի հարցում, այլ ընդհանրապես վերջին տարիներին ռուսական քաղաքականության»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս