«Չենք հանդուրժի, որ մեզ խիստ շրջանակների մեջ դնեն». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթ գրում է. «Բոլորովին վերջերս պարզ դարձավ, որ հաղորդավարներ Ժակը (Հակոբ Պապիկյան) և Լուլուն (Լուսինե Բադալյան), ովքեր 5 տարի շարունակ «Կենտրոն» հեոուստաընկերության եթերում ողջունել են հեռուստադիտողին «Սկսենք նորից» առավոտյան ծրագրի շրջանակներում, այլեւս նորացված հեռուստ աալիքում չեն աշխատելու՝ նոր ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Այդ կապակցությամբ «ժողովուրդը» զրուցել է Ժակի հետ։
– Ձեզ՝ որպես հաղորդավարների, լսարանը սովոր է ընկալել միասին։ Հետագայում եւս հեռուստատեսությամբ հանդես կգա՞ք մեկ ընդհանուր նախագծում, թե՞ հնարավոր է՝ ամեն մեկդ առանձին գործունեություն ծավալեք։
–Իրադարձությունները երբեմն մեզնից անկախ են զարգանում դնելով մեզ կյանքի տարբեր ուղիների վրա։ Չգիտենք՝ հանգամանքներն ինչպես կդասավորվեն, դրանք մեզ միասին կպահեն, թե յուրաքանչյուրիս համար առանձին առաջարկ կլինի։ Միեւնույն ժամանակ չենք ուզում շտապել։ Լուսինեի հետ մենք շարունակում ենք աշխատել «Ռադիո Վան»-ում, մեր համագործակցությունը շարունակվում է տարբեր նախագծերի, միջոցառումների, համերգային ծրագրերի շրջանակներում։ Մենք իրար հետ խնդիր չունենք եւ սպասում ենք մասնագիտական ճանապարհի շարունակությանը։ Արդեն 15 տարի է՝ միասին աշխատելը մեզ համար հարմար է, հաճելի եւ դրական։ Երկուսս էլ մեկս մյուսիս համար մտահոգ ենք եւ ցանկանում ենք հարմար առաջարկի դեպքում որպես հեռուստատեսային դեմքեր կրկին կաշխատել միասին։ Ի դեպ, մենք դեռ «Կենտրոն»–ից դուրս գալուց առաջ մտածում էինք սեփական պրոդուկտ ստեղծելու մասին, ունենք մի նախագիծ, աշխատում ենք հեռուստատեսային ծրագրի վրա, որի արտադրությամբ զբաղվելու է «Ռադիո Վան»-ը, թե որ հեռուստաընկերությամբ այն կցուցադրվի, դեռ հայտնի չէ։
– Նախապատվությունը ինչպիսի առաջարկներին կտաք եւ ո՞ր դեպքում եք բացառում Ձեր համաձայնությունը, հատկապես, վերջին իրադարձություններից հետո։
-Չենք հանդուրժի, որ մեզ խիստ շրջանակների մեջ դնեն, հաշվի չնստեն մեր որոշակի հայացքների հետ։ Մեր գործունեությունը չպետք է հակառակ լինի մեր մարդկային տեսակին։ Մենք ինքներս կոմպրոմիսի գնացող մարդիկ ենք, բայց մեր գործընկերների, ղեկավարության կողմից մեր նկատմամբ հարգանքը պետք է նկատելի լինի։ Այս դեպքում հնարավոր է հաջողությունների հասնել։ Շատ կարեւոր է նաեւ այն, որ վարկանիշ ապահովելու խնդիրը լուծելուն զուգահեռ հնարավորություն ունենանք այնպիսի հաղորդումներ վարել, որոնք հետք կթողնեն։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։