Վահրամ Բաղդասարյանը՝ Վահան Շիրխանյանի՝ «հանցավոր խմբի» հետ կապ մասին. «Գնահատականը շատ խիստ կարող է լինել»

Ինչպես հայտնի է, շաբաթ օրը ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱԱԾ-ի քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ. ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը, որը կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կատարվածին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իր համար սպասելի էր, որ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խումբը կունենա հետևանքներ. «Ինքնանպատակ չի եղել այդ խմբի ձևավորումը, բայց ես չէի կարծում, որ այնպիսի մարդու, որ երկար տարիներ եղել է այս պետության հիմքերում, աշխատել է Պաշտպանության նախարարությունում ու տիրապետել է բազմաթիվ գաղտնիքների, փաստերի, որոնք նույնիսկ մենք չենք տիրապետել, նման քայլի կգնա, ես ընդհանրապես գնահատական տալ չեմ կարող այդ արարքին, որովհետև այդ գնահատականը շատ խիստ կարող է լինել, սպասենք քննության ավարտին, որից հետո կանենք մեկնաբանություններ»:

Մեր այն հարցին, թե Դուք աշխատել եք նրա հետ նախկինում, արդյոք ձեզ մոտ նա այնպիսի մարդու տպավորությո՞ւն է թողել, որ կարող է նման քայլի գնալ, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Թողեք իմ անձնական կարծիքը ինձ համար մնա, չեմ կարծում՝ ճիշտ է իմ անձնական կարծիքը փաթաթել այս կարևորագույն գործին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս