
Ամերիկյան հատուկ նշանակության ուժերը ժամանել են Իրաք

ԱՄՆ Զինված ուժերի հատուկ նշանակության ուժերը ժամանել են Իրաք՝ այդ երկրում գաղտնի մարտական առաջադրանքներ իրականացնելու նպատակով:
Ինչպես հայտնել է Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը, կոնտինգենտի թիվը կազմում է մոտ 100 մարդ:
«Հատուկ նշանակության ուժերը ժամանել են Իրաք՝ Իրաքի կառավարության հարցման համաձայն: Նրանք պետք է իրականացնեն գաղտնի օպերացիաներ երկրի ղեկավարության հետ խորհրդատվությունից հետո: Ուժերի թվաքանակը 100 մարդ է: Նրանք պետք է իրականացնեն Սիրայի ու Իրաքի միջև ԴԱԻՇ-ի խմբավորումների մատակարարման ուղիների ոչնչացման խնդիրներ: ԴԱԻՇ-ը չգիտի, թե որտեղից սպասի հարվածի»,- ասել է նա, ում խոսքերը մեջբերում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:
ԱՄՆ հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանման ներկայությունը Իրաքում հանդիսանում է ԴԱԻՇ-ի դեմ արշավի ակտիվացման ընդհանուր պլանի մաս:
Ներկայում Իրաքում կա գրեթե 3,5 հազար ամերիկացի զինծառայող, ովքեր զբաղվում են Իրաքի ազգային բանակի ու անվտանգության ուժերի մարզումով: