«Դա վախկոտ առաջնորդի տարած քաղաքականություն է». Վահրամ Բաղդասարյանը՝ նախագահների հանդիպման մասին
«Եթե դինամիկան նայում ենք, ցանկացած հանդիպումներից առաջ և այդ ընթացքում, ադրբեջանական կողմից ագրեսիան ավելի է ուժեղացել ու ավելի շատ են հրադադարները խախտվել, որն Ադրբեջանի անհասկանալի քաղաքականությունն է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Ադրբեջանի և Հայաստանի Բեռնում կայացած հանդիպման մասին:
Վ. Բաղդասարյանի խոսքով՝ իրենք համոզվել են, որ իրենց հանրության ուշադրությունը շեղելու համար են արվում այդ դիվերսիոն հարձակումները Ադրբեջանի կողմից. «Դա վախկոտ առաջնորդի տարած քաղաքականություն է: Ադրբեջանի առաջնորդը կա՛մ ստախոս է, որ բազմիցս դրժում է իր խոստումները, կա՛մ նա չի տիրապետում իրավիճակին, հանգստանում է Շվեյցարիայիում: Մենք ասել ենք, որ որևէ ակնկալիք չենք կարող ունենալ այդ հանդիպումից, եթե նրա վարած քաղաքականությանն ենք հետևում, բայց եթե մենք հրաժարվեինք այդ հանդիպումից, դա լրիվ այլ մեկնաբանությունների առիթ կտար»:
Հարցին՝ ըստ ձեզ առաջիկայում լարվածությունը կթուլանա՞, Վ. Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Եթե մենք նայում ենք դինամիկային, հանդիպումներից հետո կարծես թե այդ լարվածությունները թվացյալ մեղմանում են, բայց ես չեմ կարող ասել դա կլինի երկարաժամկետ, քանի որ իրենք անհասկանալի քաղաքականություն են վարում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: