Բաժիններ՝

Ամփոփվել են «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի արդյունքները

Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթի մասնակիցներին շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Հարությունյանը` ընդգծելով, որ մրցույթի շնորհիվ հերթական անգամ բազմաթիվ ուսանողներ հնարավորություն ստացան դրսևորել իրենց հնարավորությունները:

«Նախարարությունը շատ է կարևորում այս մրցույթի անցկացումը, քանի որ այն լուրջ խթան է հանդիսանում ուսանողների համար` հետագա աշխատանքում ավելի հեշտ ներգրավվելու և սեփական ուժերի նկատմամբ հավատ ձեռքբերելու տեսակետից:

Բացի այդ, մրցույթի շնորհիվ ուսանողները ստանում են լուրջ մոտիվացիա` շարունակել իրենց հետագա աշխատանքը ստացած մասնագիտությամբ»,-նշել է Նաիրի Հարությունյանը` շնորհակալություն հայտնելով մրցույթի աջակցման գործում նախարարության գործընկերներին:

Միջոցառման ընթացքում «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մասնակիցներին շնորհվել են վկայականներ, ինչպես նաև պարգևներ հանձնվել «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն»-ի և «Արմթաբ»-ի կողմից:

Նշենք, որ 2015թ. նոյեմբերի 27-28ը Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում կայացել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը երեք մասնագիտությունների գծով՝ Մեխատրոնիկա, Վեբ դիզայն և ՏՏ ցանցային համակարգերի կառավարում: Ազգային փուլի մրցույթն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Համաշխարհային այս կառույցին` որպես հարող անդամ, Հայաստանը միացել է 2012թ.-ին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ, «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակներում:

«Հայաստանի հմտություններ» նախագիծը իր շուրջը միավորում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտի ՄԿՈՒԶԱԿ-ին և սոցիալական գործընկերներին` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի գործարարների (գործատուների) ու արդյունաբերողների միությանը, Հայաստանի գործատուների միությանը: Հնարավոր է, որ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողները՝ ընտրված երեք մասնագիտություններից, մասնակցեն 2017 թվականին կայանալիք «Համաշխարհային հմտություններ» 45-րդ միջազգային մրցույթին:

Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների ուսանողներն արդեն երրորդ անգամ հնարավորություն կունենան ներկայանալու և մրցակցելու իրենց հմտություններով 72 այլ երկրների ուսանողների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս