
Պերեսն արքա է, իսկ մենք` բատրակներ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքերը` կապված թիմի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսի հետ:
Պերեսը, մասնավորապես, թիմի վերջին անհաջողություններից հետո ասել է, որ մտադրություն չունի հեռացնել Բենիտեսին` հույս հայտնելով, որ այդ մասնագետը կկարողանա լուծել թիմի պրոբլեմները:
«Եթե նախագահն ասում է, որ պրոբլեմների լուծումը կլինի Բենիտեսը, ապա, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի: Մենք բատրակներ ենք, իսկ Պերեսը` արքա»,- Ռամոսին է ցիտում Marca-ն:
«Սերուցքայինների» երկրպագուների մասին ֆուտբոլիստն ասել է. «Իրավիճակը բարդ է, քանի որ մենք էլ գոհ չենք մրցաշարային աղյուսակում զբաղեցրած մեր տեղից: Մարդիկ շատ պահանջկոտ են, միշտ հաղթանակներ և լավ խաղ են ցանկանում: Մենք պետք է հանգստություն պահպանենք, համախմբված լինենք և արդյունքների հասնենք»:
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի արդյունքներում «Ռեալը» հավաքել է 33 միավոր և գրավում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը