«Իմ վրա էնքան ակտ ա գալիս, որ պարզապես հնարավոր չի պատկերացնել». Գ.Արսենյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների կիրառման փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ Երևանում կան ճանապարհային երթևեկության համար վատ փողոցներ, որոնք նախատեսված չեն ներկայիս ծանրաբեռնվածության համար, լավ կառուցապատված չեն, լի են տարօրինակ խորդուբորդություններով, երթևեկության գծերից մեկը օգտագործվում է կայանման համար, իսկ երթևեկության կանոնները խոչընդոտներ են առաջացնում բոլորի համար:

«Երեկ երեկոյան ես տուն էի գնում ու պատահական տեսա, որ փոս է, դրա մեջ գործ են անում: Չկար համապատասխան լուսավորություն, չկար համապատասխան ազդանշան, որ ասեր՝ ընկե՛ր, զգույշ գնա, փոս է, կընկնես մեջը ու էդ մեջը գտնվող մարդուն կվնասես: Երևի Երևանի վարորդները արծվի տեսողություն ունեն, հեռվից պետք է տեսնեն»,- ասաց Գ.Արսենյանը:

Նա օրինակ բերեց Բարսելոնան, որտեղ ոչ մի հոծ գիծ չկա, հոծ է միայն հանդիպակաց ուղիների բաժանարար գիծն ու ավտոբուսների համար նախատեսված գիծը: Գ.Արսենյանը հարցադրում արեց, թե ինչու պետք է Երևանի բնակիչները գիծ տրորելու համար փող վճարեն. «Իմ վրա էնքան ակտ ա գալիս, որ պարզապես հնարավոր չի պատկերացնել: Իմ մեքենաները բոլորն իմ անունով են, իմ զավակների քշած մեքենաները, իմ ծառայության մեքենաները, ու մի միամիտ մարդ, որ նայեր՝ առանց պատկերացնելու պիտի մտածեր, որ Արսենը ճանապարհային մանյակ ա, դուրս ա գալիս տնից միայն խախտումներ անելու համար: Ակտեր են գալիս, որ պարզել են՝ ես խախտում եմ արել, երբ ես ԱՄՆ-ում էի, իսկ խախտումն արել են ինձ պատկանող մեքենայով»:

Ըստ նրա՝ չի կարելի այն հարցը, որ վերաբերում է մարդկանց անվտանգությանը, ճանապարհային երթևեկությանը, վերածել ձեռնարկատիրական գործունեության ու, փորձելով մարքետինգ անել, թակարդներ էին դրվել, որ ավելի շատ խախտումներ արվեն: Գ.Արսենյանը նշեց, որ ժամանակն է մոռանալ, որ սա ձեռնարկատիրական գործունեություն է, սա հասարակության համար շատ կարևոր խնդիր է, բայց չարամիտ վարորդները պետք է խիստ պատժվեն: Պատգամավորը նշեց, որ օրենքը լավն է, բայց բավարար չէ, պետք է վերանայել գծանշումներն ու վերացնել բոլոր թակարդները:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս