
Կարող է դիտարկվել միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման հարցը Հայաստանի պետական սահմանի ողջ երկայնքով. Մամեդյարով

Ճակատի ողջ երկայնքով միջադեպերի հետաքննության մեխանիզմները, որպես համակարգային միջոցառումների տարր՝ կապված հակամարտության կարգավորման հետ, իր արտացոլումն է գտել Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների՝ Սոչիի հայտարարություններում 2011թ. մարտի 5-ից և 2012թ. հունվարի 23-ից: Միջադեպերի հետաքննության մեխանիզմը նպատակ չէ, այն ընդամենը համակարգային միջոցներից մեկն է, որն ուղղված է հակամարտության բազմակողմ կարգավորմանը:
Այս մասին ադրբեջանական «ԱզերԹաջ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Առաջին հերթին, սկսենք նրանից, թե ինչու են տեղի ունենում այդ միջադեպերը: Որովհետև Ադրբեջանի օկուպացված տարածքներում անօրինական կերպով գտնվում Հայաստանի Զինված ուժերը: Այն բանից հետո, երբ Հայաստանի ԶՈՒ-ն դուրս բերվի Ադրբեջանի օկուպացված տարածքներից, միջադեպեր տեղի չեն ունենա, և դրանք հետաքննելու կարիք չի լինի»,- հայտարարել է Մամեդյարովը:
Վերջինս նաև հայտարարել է, որ այս տարի Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների բանակցություններից հետո ադրբեջանական կողմը դարձյալ հայտարարել էր, թե միջադեպերի հետաքննության մեխանիզմները պետք է լինեն «օկուպացված» տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման գործընթացի բաղկացուցիչ մաս: