Եկել է բազմակողմ խաղաղ համաձայնագրի նախապատրաստության ժամանակը. Մամեդյարով
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, «ԱզերԹաջ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նշելով, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջարկ, Մամեդյարովն ընդգծել է, որ այդ առաջարկները հավանության են արժանանում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից:
«Պատահական չէ, որ կապված այդ առաջարկների քննարկման հետ, Սերգեյ Լավրովը 2014 թվականի ընթացքում գործնական այց կատարեց Բաքու և Երևան: Այդ առաջարկների հետ կապված՝ կարծիքների փոխանակություն են կատարել Ադրբեջանի և Հայաստանի նախագահները: Այդ առաջարկները, որոնք ներառում են պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերել նախագահները 2014թ. ընթացքում Սոչիի, Նյու Պորտի ու Փարիզի հանդիպումների ժամանակ, հիմնվել են Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Նորացված Մադրիդյան սկզբունքները, որոնք բաղկացած են 6 կետից, հայտնի են լայն հասարակությանը՝ Հայաստանի ԶՈՒ փուլ առ փուլ դուրսբերում Լեռնային Ղարաբաղին հարակից օկուպացված շրջաններից, ինչպես նաև այլ հարցեր»,- հայտարարել է Մամեդյարովը:
Նա նշել է, որ եկել է բազմակողմ խաղաղ համաձայնագրի նախապատրաստության ժամանակը, որը հենվելու է Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք հավանության են արժանացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:
Մամեդյարովը նաև հայտարարել է, թե Հայաստանը «դիվերսիոն-սադրիչ» գործողություններ է կատարում ողջ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ու «դիտավորյալ լարում իրավիճակը»:
Վերջինս նաև Հայաստանին մեղադրել է նրանում, որ վերջինս ԱՄՆ-ում ու այլ երկրներում հայկական լոբիի ուժերը մոբիլիզացրել է՝ բանակցությունների հիմնական հարցերից ուշադրությունը շեղելու համար: