էրդողանը պնդում է Թուրքիայի նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, որը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձևին, քանի որ վստահ է, որ ներկայիս Սահմանադրությամբ երկիրն այլևս չի կարող զարգանալ:

«Թուրքիան այլևս չի կարող շարունակել այդ համակարգով: Մեր ժողովուրդն արդեն արտահայտել է իր ուժեղ կամքը նոր Սահմանադրության հարցի վերաբերյալ, ու ո´չ մի կուսակցություն, ո´չ մի քաղաքական գործիչ չի կարող անմասն մնալ դրան»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է Milliyet թերթը:

Էրդողանը բազմիցս հայտարարել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, որը պետք է փոխարինի 1982 թվականին ընդունվածին: Այն ընդունվել էր 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո:

Էրդողանն առաջարկում է անցկացնել նաև երկու հանրաքվե՝ մեկը նոր Սահմանադրության ընդունման, մյուսը՝ նախագահական կառավարման վերաբերյալ:
Ներկայիս Սահմանադրությամբ՝ Թուրքիան խորհրդարանական երկիր է, որտեղ իրական իշխանությունը գտնվում է վարչապետի ձեռքին: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ևս, հայտարարել է, որ կառավարման խորհրդարանական կարգը Թուրքիայում չի համապատասխանում պետության շահերին:

Տեսանյութեր

Լրահոս