Կստեղծվեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի այլընտրանքային ծառայություններ
Կառավարությունը հաստատել է շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը:
Որոշմամբ նախատեսվում է կարգավորել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները շուրջօրյա խնամքի տներում: Որոշմամբ հաստատվող կարգով սահմանվում են շուրջօրյա խնամքի տան հասկացությունը, շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի տրամադրման նպատակը և սկզբունքները, շուրջօրյա խնամքի տներին ներկայացվող ընդհանուր պահանջները, կարգավորվում են շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընդունելության և դուրսգրման, խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման, ինչպես նաև նրանց սոցիալական ներառմանն աջակցելու հետ կապված հարաբերությունները: Բացի այդ, նախատեսվում է ձևավորել համապատասխան մասնագիտացված հանձնաժողովներ, որոնք որոշակի մեթոդաբանությամբ և չափորոշիչների կիրառմամբ կիրականացնեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կլինիկական վիճակի, սոցիալական հմտությունների և կարողությունների գնահատում, որի արդյունքում կազմված եզրակացություններով տրված մասնագիտական գնահատականների հիման վրա կիրականացվի շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընդունելությունը, այդ թվում՝ բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր կամ հատուկ տիպի հաստատություններից: Ըստ հիմնավորման՝ կստեղծվեն անհրաժեշտ նախապայմաններ հոգեբուժական խոշոր հաստատությունների և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների որոշակի բեռնաթափման համար:
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ-ի անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում վճարված ԱԱՀ-ի և եկամտային հարկի գծով վճարված գումարները փոխհատուցելու նպատակով: