130 մլն դրամի աջակցություն Տավուշի մարզին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության պահուստային ֆոնդից 130 մլն դրամ կհատկացվի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար: Ըստ հիմնավորման՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, գազիֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում: Որոշմամբ՝ գումարը կհատկացվի մարզի ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես գազիֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի համաֆինանսավորման նպատակով:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ ծրագիրն իրականացվում է Հանրապետության Նախագահի հանձնարարականով: Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ IFAD-ն իրականացնում է սահմանապահ համայնքների գազիֆիկացման, ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագիրը, և համայնքները չունեն համաֆինանսավորման համար այդ 10 տոկոսը վճարելու հնարավորություն: «Այդ ծրագիրը իրականացնելու, ավարտելու համար մենք այդ 130 մլն դրամը հատկացնում ենք սահմանապահ համայնքներին»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը:
Կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն կտրամադրվի Արարատի մարզի Պարույր Սևակ սահմանամերձ համայնքի բնակիչներին: Աջակցությունը նախատեսվում է տրամադրել 2015թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար՝ բաժանորդների սպառած գազի ծավալի (մինչև 30 խմ) 50%-ի չափով, սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ)՝ 50%-ի չափով, ոռոգման ջրի սակագնի մասնակի, ինչպես նաև գույքահարկի և հողի հարկի ամբողջությամբ փոխհատուցելու նպատակով: