
Նյու Յորքում պատահաբար աղբն են նետել 5 մլն դոլարի ադամանդներ

Նյու Յորքում ոսկերչական խանութի տեղափոխման ժամանակ բեռնակիրներն անպետք են համարել ոչնչով աչքի չընկնող արկղերը, որտեղ գտնվել են 5 մլն դոլար արժողությամբ զարդեր ու դեն են նետել դրանք:
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի ոսկերչական սրահներից մեկում: Ընկերության սեփականատեր Ջոնաթան Բիրնբախը դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով զարդերի անհետացման մասին:
Ինչպես հայտնում է TASS-ը, ոսկերիչը ադամանդները պահել է բաց չհրկիզվող պահարանում՝ երեք փայտե տուփերում:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ դրանք հայտնաբերել է անվտանգության աշխատակիցը, ով ադամանդները լցրել է մի տուփի մեջ ու հեռացել գրասենյակից: Դեպքն արձանագրել են տեսահսկման սարքերը: Հաղորդվում է, որ տղամարդը կարողացել է վաճառել ընդամենը 68 հազար դոլարի զարդեր:
Կալանավորվելուց հետո կասկածյալը համաձանել է վերադարձնել 3,2 մլն դոլարանոց 17 կարատանոց ադամանդը:
Ոստիկանությունը որոնում է մնացած ադամանդները, որոնց արժեքը սեփականատերը գնահատել է 5-10 մլն դոլար: