«Տեսնենք՝ կհաջողվի՞ այդ հանդիպումով Բաքվի ղեկավարությանը բերել իրական դաշտ, թե՞ պետք է լրիվ այլ գործընթացներ սկսվեն»
«Իմ գնահատականով՝ միակ ակնկալիքն այն է, որ կարողանան վերջապես Ադրբեջանին իրական դաշտ բերել, որովհետև այն, ինչն ինքն անում է, իր բոլոր քայլերը հակասում են և՛ միջազգային իրավունքին, և՛ միջնորդների բոլոր հորդորներին, և՛ ընդհանուր առմամբ միջազգային պրակտիկային: Այնպես որ՝ քիչ է մնացել, տեսնենք՝ կհաջողվի՞ այդ հանդիպումով Ադրբեջանին՝ Բաքվի ղեկավարությանը, բերել իրական դաշտ, թե՞ պետք է լրիվ այլ գործընթացներ սկսվեն»,- այս մասին այաօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ խոսելով դեկտեմբերի 19-ին սպասվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:
Պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ սահմանային լարվածությունը գագաթնակետին է հասել: Հարցին, թե դիվանագիտության ոլորտում ի՞նչ է արվում, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Նույնն է նաև դիվանագիտական ոլորտում, որովհետև տեղի է ունենում փաստացի խեղաթյուրում և´ բանակցային գործընթացի, և´ միջազգային իրավունքի, հակամարտության էության, պատմության և այլն, և այլն: Այսինքն՝ այն դիրքորոշումը, որը որդեգրել է Ադրբեջանը՝ լինի դա ուժային դաշտում, լինի դիվանագիտական, լիովին իրար համապատասխանում են:
Ավելին ասեմ՝ ի սկզբանե ղարաբաղյան հակամարտության հարցում Բաքուն որդեգրել է ուժային քաղաքականություն՝ Սումգայիթով, ջարդերով և այդպես շարունակաբար, և առ այսօր դրանից չի հրաժարվել: Եվ քանի դեռ չի հրաժարվել դրանից՝ առաջինը, որևէ առաջընթաց սպասել բանակցային գործընթացում՝ անհնարին է: Եվ երկրորդը՝ գնալով նաև միջազգային հանրության մոտ պետք է հասունանա այն միտքը, որ ելքը դրանից միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է»: